Եվրոպական և ամերիկյան
«հյուրախաղերն» ավարտելուց հետո, ՀՀ իշխանություններն այս անգամ որոշել են ռուսական
հովանու ներքո անցկացնել Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների ներթական ռաունդը։
Այսօր Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների
հանդիպումը: Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն
Բայրամովը Ղազախստանում կոնկրետ փաստաթղթի շուրջ են բանակցելու, որը հետագայում հիմք
է հանդիսանալու երկու կողմերի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» վավերացման
գործընթացի համար։
Ըստ ամենայնի՝ ՌԴ քաղաքական
ղեկավարությունը և դիվանագիտական գերատեսչությունը կարծես որոշել են կոտրել ուկրաինական
պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ դիվանագիտական պասիվությունը Հարավային Կովկասում և կազմակերպել
հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Սակայն, ինչպես հայտնի է, կողմերը
ԵՄ առաջարկած խաղաղության համաձայնագրի փաթեթով են շարժվում դեպի համաձայնագրի ստորագրումը:
Նույնիսկ հայտնի է, որ ղեկավարների մակարդակով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել
Բրյուսելում հաջորդ ամիս, ինչպես նաև շրջանառվում են համաձայնագրի ստորագրման որոշակի ժամկետներ: Այս իրավիճակում բարդ է հասկանալ, թե ինչ մոտավոր նպատակներ է հետապնդում
և ինչ դիվանագիտական տեսլական ունի ՌԴ-ն:
Այստեղ տեղին է ընդգծել,
որ Բրյուսելի միջնորդական ջանքերը, թեև ակնառու կերպով չեն խոչընդոտվում Մոսկվայի կողմից,
սակայն նաև չեն ողջունվում: Ռուսական մերձկրեմլյան խողովակներն օրերս տեղեկատվական
«արտահոսքի» միջոցով ներկայացրել էին, թե ինչ հայեցակարգեր են առաջ քաշում Մոսկվան
ու ԵՄ-ն հայ-ադրբեջանական կարգավորման գործում: Ի դեպ, հայտնի դարձավ նաև, որ ըստ Ջեյհուն
Բայրամովի՝ Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը
և այժմ պատասխան է սպասում Հայաստանից։
Ըստ էության՝ մեծ հաշվով
Աստանայում առաջընթաց կողմերի միջև ակնկալելն անիմաստ է, քանի որ ՌԴ-ն փորձելու է իր
խնդիրները լուծել և դուրս չմնալ բանակցային գործընթացից: Ամենայն հավանականությամբ՝
իրադարձությունների զարգացման երկու սցենար կարող է լինել: Առաջին՝ Մոսկվան կարող է
կոշտ դիրքորոշում հայտնել՝ փորձելով խափանել Բրյուսելի միջնորդությամբ գործընթացը,
ուղղորդելով դեպի մոսկովյան հարթակ: Նման սցենարը, հետհայացք գցելով նախորդ իրադարձությունների
վրա, նշանակում է արևմտյան ջանքերի և բոլոր հանդիպումների, պայմանավորվածությունների
չեզոքացում: Մյուս տարբերակն այն է, որ Մոսկվան հերթական
անգամ հանդիպում կիրականացնի, սակայն այն, ըստ էության, կլինի ավելորդ:
Ընդհանուր այս ֆոնին կարևոր է ամրագել այն, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ն Հարավային Կովկասում տիրապետում է լծակների, ու Աստանայի հանդիպումը երևի թե կարևոր կլինի այն իմաստով, որ Մոսկվան պատասխան կստանա իր առաջարկներին: Անկասկած, իսկապես որոշ իմաստով սա կարելի է համարել ուշացած նախաձեռնություն, որը նաև օբյեկտիվ աշխարհաքաղաքական պատճառներ ունի:
Կարևոր է փաստել մի կարևոր
հանգամանք․ այս հակամարտությունը և կողմերի միջև խնդիրները սովորաբար պահանջում են բարձրաստիճան
ներգրավվածություն և հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ: Արևմուտքը պահը
որսացել է այս իմաստով և բավականին առաջընթաց է գրանցել բանակցություններում: Մոսկվան
խնդիր ունի, քանի որ այս պահին որոշակի թայմ-աութի մեջ է։
Արմեն Հովասափյան









