Foto

Մբապեի և ՊՍԺ-ի հարաբերությունները խիստ լարված են

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ու Կիլիան Մբապեի հարաբերությունները խիստ լարված են: Փարիզյան ակումբի ղեկավարությունը չի պահպանել բանավոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամռանը: Ֆրանսիացի հարձակվողը դավաճանություն է համարում ղեկավարության պահվածքը:

RMC Sport-ի հաղորդմամբ՝ իրավիճակն այնքան լարված է, որ աշխարհի չեմպիոնը որոշել է հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մբապեն ցանկացել է ՊՍԺ-ից հեռանալ հունիսին՝ պայմանագիրը երկարաձգելուց մեկ ամիս անց, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը բացառել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը:

Marca-ն էլ հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2024 թվականը, ոչ թե՝ 2025-ը: Նա համաձայնել է լուսանկարվել 2025 համարի մարզաշապիկով՝ հաշվի առնելով ակումբի խնդրանքը:

Մբապեի համար կարիերան շարունակելու հավանական տարբերակը մնում է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», որն ամռանը ցուցաբերել է հետաքրքրվածություն:

Մադրիդի «Ռեալից» դեռևս չեն արձագանքել այս տեղեկությանը:

Հիշեցնենք, որ ամռանը շատերն էին սպասում Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուն, սակայն հարձակվողը նախընտրեց մնալ Փարիզում՝ ստորագրելով գերշահավետ պայմանագիր:

23-ամյա Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 12 հանդիպում ու խփել 11 գոլ: