Foto

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից:

«Այսօր լուսաբացին ԻՀՊԿ-ն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային Բահրեյնի Շեյխ Իսայի շրջանում», – հայտարարությունից հատված է ներկայացրել Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Նշվում է, որ ԱՄՆ ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են 20 մարտական ​​ԱԹՍ և երեք բալիստիկ հրթիռ։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ հարձակման հետևանքով «ավերել է ավիաբազայի հրամանատարական-շտաբային շենքը, բռնկվել են  վառելիքի ցիստեռնները»:

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։