Foto

Ինչո՞ւ այդպես էլ առաջնայինը չեն տարբերում երկրորդականից

Ժամանակին մի ընդդիմադիր գործիչ կար, ով հետո դարձավ պատգամավոր, նա իր քաղաքական ողջ գործունեությունը կառուցում էր օրվա իշխանությանը քննադատելով: Հատկապես սուր էին այդ քննադատությունները՝ պետական համակարգում պարգևավճարների հետ կապված։ Անցավ ժամանակ, այդ գործիչը դարձավ ՀՀ վարչապետ և, ճակատագրի հեգնանով, դարձավ այն ղեկավարը, ում օրորոք պետական ապարատի պարգևավճարները հասան պատմական պիկին։ Չնայած բյուջեի փողերը ծախսելու շատ ավելի կարևոր ու առաջնային տեղեր կան՝ նախորդ չորս ու կես տարիներին կառավարությունը ոչինչ չի խնայել և պարգևավճարներ է բաժանել ըստ պահանջի, երբեմն՝ նաև թաքուն։ Չորս ու կես տարվա ընթացքում բաժանված պարգևավճարների գումարը հասնում է 250-300 մլն դոլարի, սա ֆանտաստիկ ցուցանիշ է։

Միանշանակ է, որ այդքան գումարով կարելի էր պաշտպանության ու անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծել, բայց, ինչպես տեսնում ենք, կառավարությունը գերադասել է պարգևավճարներ բաժանել։ Դա, բնականաբար, ինքնանպատակ չէ, ու դա վաղուց տեսնում ենք ոստիկանության գործողություններում։ Վերջին երկու տարվա ընթացքում պարզ դարձավ, որ պարգևավճարները դարձել են միջոց՝ իշխանությունը պահպանելու համար, և բնավ զարմանալի չէ, որ ամենշատ պարգևավճարները հատկացվել  են հենց ոստիկանությանը (միայն այս տարվա ընթացքում՝ ավելի քան 9 մլրդ դրամ)։

Ըստ էության՝ վերջին տարիներին պարգևավճարը դարձել է, այսպես ասած, օրինական կաշառք տալու ձև։ Պարգևատրում են ոչ թե լավ աշխատանքի, այլ իշխանություններին իրենց հավատարմությունը ցույց տալու համար։ Այնինչ՝ պարգևավճարի նպատակն ու էությունը բոլորովին այլ է։ Նախարարին կարող են ամսվա վերջին աշխատավարձին համարժեք մի քանի հարյուր հազար դրամի պարգևավճար տալ ու մի քանի օր հետո վատ աշխատանքի համար հեռացնել աշխատանքից։

Ակնհայտ է, որ պարգևավճարի այս համակարգը վաղուց արդեն ամբողջովին կորցրել է իր իմաստը։ Այլ հարց, իշխանությունները կհրաժարվե՞ն դրանից, թե՞ կշարունակեն նույն ոգով մսխել պետական փողերը՝ իրենց իշխանությունը պահպանելու ու «նվիրյալներին» հնարավորինս շատ կաշառելու համար։

Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է հայտարարում, թե՝ պաշտպանության համար ինչքան փող ուզել են, տվել ենք։ Դժվար է, իհարկե, հավատալ այս հայտարարությանը, երբ տեսնում ենք, թե ինչպիսին է մեր բանակի սպառազինության վիճակը։ Միանգամից հարցեր են առաջանում, որ եթե այդպես է, ինչո՞ւ են բանակում աշխատավարձերն այդքան ցածր։ Ինչո՞ւ բանակում ծառայողը չպիտի ստանար ամենաբարձր աշխատավարձը, այնքան բարձր, որ մարդիկ ոչ թե խուսափեին բանակում ծառայելուց, այլ հերթ կանգնեին։ Եթե նույնիսկ համարենք, որ պաշտպանական գերատեսչությունը նման առաջարկով չի էլ դիմել պետության ղեկավարին, ապա պետության ղեկավարն ինքն էր պարտավոր դա անել և ոչ թե՝ հայտարարեր, թե՝ բանակն ինչքան փող ուզել է, տվել ենք։ Գուցե և չի ուզել, ինչի՞ համար է երկրի ղեկավարը, եթե չի տարբերում առաջնային ու երկրորդայինը։

Անտրամաբանական է, բայց փաստ, որ  նախարարը 1,5 միլիոն դրամ ստանա, իսկ սահմանը պահող սպան ու պայմանագրայինը, որոնց կյանքն ամեն վայրկյան վտանգից է կախված, պիտի ստանա 200 կամ 300 հազար դրամ։ Եթե կառավարությունը կարող է նախարարին 1,5 մլն դրամ վճարել ամեն ամիս, ապա պարտավոր է գոնե դրա կեսի չափ աշխատավարձ տալ նաև երկրի սահմանները պահող զինվորին։ Իսկ եթե չի կարող, թող չվճարի նաև նախարարին ու մյուս պետական չինովնիկներին։ Սա նույնիսկ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խնդիրը չէ, որ դիմի կառավարությանը՝ փող ուզի, կառավարությունն էլ տա կամ չտա։ Սա պետք է լիներ պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարության առաջնահերթությունը։

Հավանաբար կհամաձայնեք, որ ոչ մի գրոշ չարժե այն հայտարարություններ, որ «բանակի համար ոչինչ չենք խնայում», բայց ունենք այսպիսի խղճուկ իրավիճակ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ապիկարների իշխանությունը միլիոնավոր ու միլիարդավոր դրամներ է վատնում անիմաստ գործուղումների վրա, թանկարժեք մեքենաներով համալրում են ծառայողական ավտոպարկը, պետական ապարատում հաստիքներ են բացում իրենց մտերիմներին ու ծանոթներին տեղավորելու համար, տոնական ու ոչ տոնական միջոցառումներ են կազմակերպում, զուգարաններն են վերանորոգում, սանհանգույցները թարմացնում, անդարդ ապրում, ու կարծես սրանք են մեր երկրի առաջ այսօր ծառացած ամենաառաջնահերթ խնդիրները։

Արմեն Հովասափյան