Foto

Հավասարում՝ մի քանի անհայտով

Աշխարհաքաղաքական գործընթացները, որոնց պակասն այսօր ողջ աշխարհում չկա, իրենց ուղղակի դրսևորումն են ունենում հարավկովկասյան սեգմենտում, որտեղ ուժերի վերադասավորման ցիկլը շարունակվում է։ Ասվածի դասական օրինակ կարող է հանդիսանալ Պրահայում տեղի ուենցած վերջին հանդիպումները։

Այնուհանդերձ հստակ կարղ ենք փաստել, որ Պրահայում տեղի ուենցած հանդիպումները, ինչպես նաև  քառակողմ բանակցությունները սովորական դիվանագիտական գործընթաց են, բեկումնային ոչինչ տեղի չի ունեցել: Ընդամենը հայկական դիվանագիտությունը խաղում է երկու հարթակում՝ բրյուսելյան և մոսկովյան: Ի դեպ՝ ՀՀ իշխանությունների խոսույթից և տարբեր արհեստածին «արտահոսքերից» պարզ է դառնում, որ ներկա դրությամբ նրանք նախապատվությունը տալիս են բրյուսելյան տարբերակին, քանի որ այնտեղ այլ ձևաչափով դիտարկվում է ԼՂ կարգավիճակի հարցը՝ կա՛մ անկլավ Ադրբեջանի կազմում, կա՛մ միջազգային մանդատային տարածք, իսկ Ալիևն Անկարա-Մոսկվա-Բաքու եռանկյունում աշխատելու փոխարեն՝ իր էներգակիրների հարցն է լուծում, և Բրյուսել գնալով՝ որոշել էր խաղալ եվրոպական դաշտում:

Ընդգծենք, որ այդպիսի որոշում է կայացվել ադրբեջանական էներգակիրների պահանջարկի իրավիճակում, իսկ Բրյուսելում արդեն կան որոշակի նոր կանոններ, որոնք անուղղակիորեն թելադրվում են Երևանից ու Փարիզից: Բայց ելման դիրքերն այս ամենում անհասկանալի են Ալիևն ասում է, որ մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիր են ստորագրելու, Փաշինյանը մեկնաբանում է, թե հինգ սկզբունքները ընդունելի են, Երևանը հայտարարում է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեխանիզմի ստեղծման մասին, Բաքուն սա չի մեկնաբանում, գործընթացում կան որոշ նոր նրբություններ, որոնց դեռ Բաքուն չի արձագանքել։ Ըստ էության՝ հրապարակային դաշտում Ադրբեջանը բարձր նշաձող է սահմանում, սակայն կուլիսներում ինչ-որ համաձայնությունների գնում է: Դեպքերի և հանդիպումների շղթան հուշում է այն մասին, որ ըստ էության՝ Բաքուն ու Երևանն ընդհանուր առմամբ գրեթե նույնական օրակարգով բանակցություններ են վարում Արևմուտքի և Մոսկվայի հետ:

Տեղի ուենցող գործընթացների սցենարը բավական բարդ է, քանի որ անհասկանալի է, թե ինչ է ներկայումս փորձում իրականացնել հայաստանյան իշխանությունը, Եվրոպացիների հետ զուտ ժամանակ ձգելով՝ սայլը տեղից ուղղակի չի շարժվի և կհայտնվենք նոր փակուղու առաջ: Դիցուք, եթե Ադրբեջանը գնա Ստեփանակերտի հետ առանձին կոնտակտների, դա կնշանակի Սան Մարինոյի սցենար, սակայն պարզ չէ, թե ինչպիսի կառավարում է լինելու՝ լիովին ինքնուրույն, թե՞ միասնական կառավարում, այսինքն՝ այստեղ երկուստեք որոշելու շատ հարցեր կան:

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանն ու Ալիևը Պրահայից հետո մեկնել են Սանկտ Պետերբուրգ, ինչը սովորական բազմաքայլ դիվանագիտական կոմբինացիա է, քաղաքական բեմականացում՝ տարբեր սցենարներով, տարբեր գագաթնակետերով, տարբեր ելման դիրքերով ու ելքերով: Կարող ենք արձանագրել, որ այս ամենում դեռ վերջնական որևէ արդյունք չի երևում: Գործընթացը գնում է, ու, ի դեպ, շատ քչերն են այն տեսնում իրականում այնպես, ինչպես կա: Փաստեն, հայկական կողմն ունի պահեստային սցենար՝ Արևմուտքի տեսքով։ Ցանկացած պահի խաղի մեջ է մտնելու Իրանը, որին ամեն ինչ ու ամեն զարգացում չէ, որ ձեռնտու է: Առանց Իրանի համաձայնության՝ ԼՂ կարգավիճակի հարցը ևս շատ բարդ է լինելու լուծելը, Իրանը պետք է տա իր համաձայնությունը: Ամեն ինչ գտնվում է օդից կախված իրավիճակում և այս խառնիճաղանջությունը պարզելու համար բավական երկար ժամանակ է հարկավոր։

Արմեն Հովասափյան