Արցախի
հարցի կարգավորման ողջ բանակցային գործընթացում առանցքային ու միակ աշխատանքային ձևաչափը
Մինսկի խմբի համանախագահներն էին, որոնք, պարբերաբար այցելելով տարածաշրջան, փորձում
էին խնդրի կարգավորման հետ կապված տարբերակներ ներկայացնել կամ կողմերին փոխանցել միմյանց
առաջարկները։ 44-օրյա պատերազմից հետո այս ձևաչափը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալուց, և արդեն հայ-ադրբեջանական
հարաբերությունները սկսվեցին կարգավորվել խոշոր մայրաքաղաքներում՝ Մոսկվայում, Վաշինգտոնում,
Բրյուսելում և այն։
Վերջին՝ սեպտեմբերյան
պատերազմից հետո հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում գլխավոր միջնորդի դերակատարությունը
Բրյուսելից անցավ Վաշինգտոնին: Սեպտեմբերի
20-ին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, հոկտեմբերի 2-ին Ժնևում
կրկին արևմտյան միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումներ տեղի ունեցան, հոկտեմբերի
4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար
Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:
Հավելենք նաև, որ սեպտեմբերի
27-ին էլ Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ
Սպիտակ տանը տեղի էր ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Ի դեպ՝
Գրիգորյանն ԱՄՆ-ում աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԿՀՎ-ի` Լենգլիում գտնվող գլխամասային
գրասենյակում, նա նաև հանդիպել էր ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի, ինչպես
նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ։
Գրիգորյանի ամերիկյան այցին հաջորդել էին հանդիպումները Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում`անդամ
պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC), Կովկասում և
Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի
հետ:
Հոկտեմբերի 6-ին Պրահայում
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Եվրամիության 27 երկրների և ԵՄ-ին չանդամակցող եվրոպական
մայրցամաքի 17 երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստին: Սա, ըստ էության,
վերջին շրջանում ՀՀ իշխանությունների մասնակցությամբ ամենաառանցքային միջոցառումն էր, որի շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ Փաշինյան-Էրդողան
ձևաչափով, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջան-ԵՄ-Ֆրանսիա ձևաչափով:
Նախօրեին տեղի ունեցած քառակողմ հանդիպումից
հետո տարածվեց հայտարարության տեքստ, որում նշված էր. «Հայաստանն ու Ադրբեջանը
հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին,
որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն
ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով
հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա
Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով»:
Հատկանշական է այն, որ
մինչև Պրահա մեկնելն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նախօրեին կրկին փորձեց ամեն ինչ
մանիպուլացնել՝ ասելով, թե իբր Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողել են նախկին իշխանությունները,
այլ ոչ թե ինքը: Սա թերևս Պրահայի հանդիպումներից առաջ պատահական հայտարարություն չէր,
իսկ մեջբերված հայտարարությունը շատ խոսուն երկրորդում է Նիկոլի խոսքերը։
Կարևոր է ընդգծել, որ
վերջին նախարարական հանդիպումների ժամանակ
կողմերը սկսել են ավելի առարկայական խոսակցություն վարել, այսպես կոչված, «Խաղաղության
համաձայնագրի» շուրջ, ավելին՝ տարբեր տեղեկություններով, այն կստորագրվի մինչև տարեվերջ։
Ի դեպ, համացանցում տարածվել են համաձայնագրի ռուսական և եվրոպական տարբերակներ: Ինչպես
կարելի է ենթադրել զարգացումներից, ներկայումս քննարկվում է բրյուսելյան տարբերակը,
որը, ըստ տեղեկությունների, ներառում է երկու հանրապետությունների միջև բոլոր կոմունիկացիաների
բացում, որոնք վերահսկվում են բացառապես Ադրբեջանի և Հայաստանի ուժերով, ըստ այն տարածքների,
որտեղով անցնում են դրանք: Այսինքն՝ եռակողմ ներկայություն չի նախատեսվում, պարզապես
ընդհանուր հիմունքներով կոմունիկացիաներ: Երկու հանրապետությունների միջև սահմանագծման
և սահմանազատման իրականացում:
Եթե թեման փորձենք աշխարհաքաղաքական
պրիզմայով ներկայացնել, ապա ակնհայտ է, որ Արևմուտքը կարողացավ դիվանագիտական գործընթացը
լիովին տեղափոխել Արևմուտք` օգտվելով Ռուսաստանի իրավիճակից: Սա պայմանավորված է ռուս-ուկրաինական
պատերազմով, քանի որ Ռուսաստանը ներկայումս բավարար ռեսուրս չունի զբաղվել այս հարցերով:
Սա փաստ է, որի հետ պետք է հաշտվել՝ անկախ նրանից դա բխում է մեր շահերից, թե ոչ։
Ըստ էության, դա նաև հավելյալ հնարավորություն
է Ալիևի ու Էրդողանի համար` արագացնել իրենց խաղը պատմական նպատակներին հասնելու համար,
ինչը նրանք տեսնում են այսօր Վաշինգտոնում և Բրյուսելում: Այս գործընթացում կան նաև
էներգակիրներով պայմանավորված շահեր. Ադրբեջանի կշիռն այսօր Եվրոպայի համար չափազանց
ծանր է: Միանշանակ է, որ այս փուլում ՌԴ–ում լրջորեն չեն հետևում հարավկովկասյան զարգացումներին,
ՌԴ-ն, ի տարբերություն Արևմուտքի՝ այսօր այդտեղ, ըստ էության, «ամենօրյա ռեժիմով» բացակայում է:
Ստեղծված իրավիճակում Թուրքիան այնպիսի նշաձող է սահմանել, որ Ադրբեջանի հետ բոլոր
հարցերը պետք է կարգավորվեն, որից հետո հնարավոր կլինի հայ-թուրքական գործընթացը մտցնել
առարկայական փուլ: Ի դեպ նշենք նաև, որ Թուրքիան իր հերթին՝ ունի էական կախվածություն
Ադրբեջանից, սրանով էր պայմանավորված Թուրքիայի կարծր դիրքավորումն այս ընթացքում:
Արմեն Հովասափյան









