Foto

Վրաստանը կրկին առաջարկում է Հայաստանին և Ադրբեջանին հանդիպել իր երկրի տարածքում

Վրաստանը պատրաստ է կրկին հարթակ դառնալ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ երկխոսություն կվարեն։ Այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, հայտնում է Sputnik Գրուզիան։

«Թբիլիսիում մեր հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի կոնկրետ արդյունքներ ստանան բանակցություններից, և որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի խաղաղություն և կայունություն», – ասել է նախարարը:

Իլյա Դարչիաշվիլիի խոսքով ՝ կողմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ առանց նախապայմանների:

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում հայտարարել էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար Բաքու-Թբիլիսի-Երևան պլատֆորմի ստեղծման կարևորության մասին:

Նա առաջարկում է այս ձևաչափով քննարկել էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրներ։

Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳ նախարարը մեկ անգամ չէ, որ առաջարկել է պաշտոնական Երևանին ու Բաքվին հանդիպել իր երկրում։

Հայտնել էինք, որ հուլիսի 16–ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։