Հայաստանյան իշխանությունների վերջին գործողությունները և ակնհայտ
հակահայ դրսևորումները հերթական անգամ ապացուցում են, որ նրանց առաքելության առաջնային
նպատակը Արցախի խնդրի պրոադրբեջանական լուծումն է ու պանթուրանական ծավալապաշտական
քաղաքականության աստիճանաբար կյանքի կոչումը։
Նիկոլ Փաշինյանն ու իրեն սպասարկող շրջանակը տարիներ շարունակ
քննադատել են գործող իշխանություններին՝ նրանց մեղադրելով Արցախի հարցի ոչ հայանպաստ
բանակցություն տանելու, Արցախի կարգավիճակի արհեստական անտեսման և նմանօրինակ տարբեր
անհիմն ու ապրիորի պնդումներով։ Ավելին, ընդդիմադիր ժամանակաշրջանի իր մի քանի
ելույթներում Նիկոլն անգամ դավաճանական էր համարում ԼՂ խնդրի փոխզիջումային ցանկացած
մոտեցում, այնինչ մենք հիմա կանգնած ենք կատարված փաստի առաջ, որի անունն է Արցախի վերջնական կորուստ։
Այս իշխանությունները փաստացի նախ հրաժարվեցին Արցախից, իսկ հիմա աստիճանաբար հատվածական
հրաժարվում են ՀՀ սուվերեն միջազգային բոլոր նորմերով ճանաչված սահմաններից։
Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ինչպես
նաև միջազգային որոշ շրջանակներ պարբերաբար խոսում են հայ-ադրբեջանական սահմանային
հատվածում անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին։ Թեման
առավել շատ արդիական դարձավ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո, հատկապես, երբ այս
օրերին առանձնակի ակտիվացել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի»
հետ կապված հանդիպումներն ու տեղեկատվական արտահոսքերը։ Կարևոր մի փաստարկում. նման մեխանիզմների ներդրման
մասին խոսվում էր դեռևս 2016-ին ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցությունների ընթացքում։
Այն ժամանակ հայկական կողմը բավական ամուր բանակցային դիրքերից էր հանդես գալիս և հստակ
պնդում էր սահմանային հատվածում տեսանկարահանող, գիշերային դիտարկումների համար նախատեսվող
գերժամանակակից սարքերի տեղակայման անհրաժեշտության, սահմանային միջադեպերի քննության միջազգային մեխանիզմների ներդրման մասին։
Հենց այստեղ առաջ են գալիս մի շարք հարցապնդումներ, որոնց մասին
այդ մեխանիզմների թեման շահարկողները չգիտես ինչու լռում են՝ կամ ուղղակի շրջանցում։
Նախ չի խոսվում, թե հստակ ինչ գործիքակազմ է դիտարկվելու: Մասնավորապես ոչ ոք չի նշում, թե ինչ ժամկետներում են դրանք
տեղակայվելու, այսինքն սահմանին զինվորների զոհվելու թեման մնում է օդում կախված, կամ, այլ կերպ ասած, իշխանություններին
ուղղակի դա չի հետաքրքրում։ Չի հստակեցվում, թե ում կողմից է այն իրականացվելու և ինչ ընթացակարգով։
Անկասկած հստակ ժամկետներ չնշելն ուղղակիորեն կապված է մարդկային հերթական զոհերի ռիսկերի հետ, դա տրամաբանական գործընթաց
է։ Ի դեպ՝ այստեղ կա ևս մի կարևոր բաղադրիչ, որն անորոշության մեջ է. չի հստակեցվում, որ
այդ մեխանիզմները չկիրառելու դեպքում կամ դրանից հրաժարվելու դեպքում, ինչ զսպման մեխանիզմ
է գործում։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ուշ երեկոյան տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից։ Տարածված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ, ի թիվս քննարկված այլ հարցերի, բանակցային ընդհանուր փաթեթում առաջ է քաշվել ուժի կիրառման ու ոժի կիրառման սպառնալիքի մերժման կետը, որը հերթական անգամ խոսում է, որ արտաքին քաղաքականությունը գլխիվայր ձախողածների իշխանությունը կոնկրետ քայլ է կատարում դեպքի նախկինում բանակցած գործընթացի տիրույթ՝ հստակ առաջ քաշելով 2016-ին օրակարգ բերված դրույթները, բայց արդեն առանց Արցախի։
Արմեն Հովասափյան









