Foto

Աղվան Հովսեփյանի գործով մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել

Նախկին գլխավոր դատախազ և քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել։ Դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ, մայր քրեական գործից անջատվել էր Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջիսն մեղադրվում է այն բանի համար,  որ նա 2017 թվականի ապրիլի 10-ին Աղվան Հովսեփյանի դրդմամբ վատնել է Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը: Այն համապատասխան պայմանագրով նվիրաբերելով Ա. Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին, որի սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է նույն թվականի ապրիլի 13-ին:

Վրեժ Մարկոսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում և համաձայնեցված վարույթ կիրառելու միջնորդություն էր ներկայացրել, ինչ էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր։ Համաձայնեցման վարույթի շրջանակում, տուժողը Վ. Մարկոսյանի նկատմամբ պահանջ չի ներկայացրել:

 Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Մարկոսյանը 72 տարեկան է, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան նորմերի դրույթները, համաձայնեցման վարույթի շրջանակում կողմերը համաձայնվել են ամբաստանյալին մեղսագրվող արարքի համար հետևյալ պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ՝ 

• Վ. Մարկոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս ժամկետով (այս գործով առավելագույն պատժաչափն է, որ կարող էր նշանակվել համաձայնեցման վարույթի շրջանակում),

• ­Կի­րա­ռել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և Վ. Մարկոսյանին պատժից ազատել:

Արդյունքում ամբաստանյալը Մարկոսյանը դատապարտվել է 5 տարի 4 ամիս առավելագույն պատժին, սակայն համաներմամբ պատժից ազատվել է։

Գործով Աղվան Հովսեփյանի մասը դատավոր Մարտիրոսյանն ուղղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Թեևս Վրեժ Մարկոսյանի մեղադրանքն ընդունելն առավել դժվար է դարձնում Հովսեփյանի պաշտպանությունը՝ հատկապես այն դեպքում, երբ գործով շոշափվում է Հովսեփյանի տղայի անունը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան