Ինչպես հայտնի
է՝ օրերս Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր է ՀԱՊԿ դիտորդներ
օգտագործել՝ ընդհանուր իրավիճակը տեղում հանգամանալից ուսումնասիրելու և
գնահատելու նպատակով։ Նա մասնավորապես ասել է, որ ներկայումս քննարկվում է Ադրբեջանի,
ՀՀ և Ռուսաստանի առաջնորդների համաձայնությունների իրականացման նպատակով բարենպաստ
պայմանների ստեղծմանը նպաստելու համար ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը:
Լավրովի հավաստմամբ՝
պաշտոնական Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը:
Սրան զուգահեռ, Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին
գործերի նախարարների հանդիպումը։
Պաշտոնական հաղորդագրության
համաձայն՝ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական
զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։
Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ Միրզոյանն
ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ
գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության
ենթարկվեն։ Հավելենք, որ երեկ սոցցանցերում և տելեգրամ ալիքներում
տեսանյութ էր հրապարակվել, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են ՀՀ սուվերեն տարածք
ներխուժած ադրբեջանական ագրեսորները գնդակահարում անզեն և արդեն գերի հանձնված հայ
զինվորներին։ Բացի դրանից՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի
միջև «խաղաղության պայմանագրի», Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության
երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների
մեխանիզմի ստեղծման միջոցով։
Ակնհայտ է, որ
Ժնևում տեղի ունեցած բանակցությունները բավական բարդ են ընթացել, քանի որ սեպտեմբերյան
ռազմական ագրեսիան ակնհայտորեն խախտել է այն դիվանագիտական տրամաբանությունը, որը հաստատվել
էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Կարող ենք արձանագրել, որ ժնևյան
հանդիպումն իր բնույթով ավելի ինֆորմատիվ կլինի և կտա մի շարք հարցերի պատասխաններ։
Ըստ էության, ուրվագծվում է
այն պատկերը, որ Ռուսաստանը կշարունակի ներկայություն պահպանել այն տեղերում, որտեղ
դրա անհրաժեշտությունը կա, և որը, քայլեր չանելու դեպքում, Արևմուտքը կարող է զբաղեցնել։
Սակայն դիվանագիտական դաշտում ՌԴ-ն դեռ մասնակցության չի ձգտում։ Մոսկվայի համար ավելի
կարևոր է սահմանազատման գործընթացը և կոմունիկացիաների շուրջ բանակցությունները։ Այսքանը
նման ծանր փուլում բավարարում է Մոսկվային, ամեն հարցով հնարավոր չէ զբաղվել, թեև չի
բացառվում, որ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» ուղղությամբ լինեն քայլեր։
Այնուամենայնիվ կողմերի միջև ծանր դիվանագիտական առճակատում կա՝ հենվելով ԱՄՆ-ի,
ԵՄ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Թուրքիայի վրա։
Ի մասնավորի՝
այս ամենը բովանդակային առումով ոչինչ չի փոխում, սակայն աշխարհաքաղաքական առումով
կա պայքար վերջնական կարգավորման դափնիները վայելելու և տարածաշրջանում հաստատվելու
հարցում։ Այստեղ փաստենք, սակայն, որ Ուկրաինայում,
ինչպես տեսնում եք, լիովին նոր սցենարներ են ծավալվում, որոնց վրա է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի ուշադրությունը։
Ինչպես տեսնում եք՝ Ռուսաստանը գլոբալ հարց է լուծում իր համար և աշխարհաքաղաքական
ժամանակավոր ցնցումների ետևից չի վազում։ Այս համատեքստում կարևոր է այն, որ եթե ՀԱՊԿ
դիտորդների տեղակայման կամ ներգրավման որոշումը հաստատվի, այն ևս պետք է դիտարկել Արևմուտք-ՌԴ
հարավկովկասյան մրցակցության շրջանակում։
Ըստ էության, ՌԴ-ն անթաքույց դեմ արտահայտվեց միջազգային դիտորդների տեղակայման հնարավորությանը, տեղում ներկայության,
դիտորդության և ռազմական բաղադրիչի, անվտանգության հետ կապված հարցերում չի զիջի։
Արմեն Հովասափյան









