Foto

ՏԻՄ ընտրությունները՝ խորհելու առիթ

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ գրեթե բոլոր համայնքներում (բացառությամբ Ճամբարակի) իշխող ուժը ներկայացրել էր սեփական թեկնածուին, և ողջ թիմով ու վարչական ռեսուրսով լծվել էին ընտրական գործընթացում ցանկալի արդյունքի։ Նշենք, որ որոշակի բացառություններով իշխանություններն ունեցան ինչպես սպասելի արդյունքներ, այնպես էլ այդ արդյունքներին սպասելի գնահատականներ ու արձագանքներ։ Համայնքների մոտ կեսում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, կեսից ավելիում՝ բոլոր մեծ համայնքներում, նրանք պարտվել են ամենատարբեր ուժերի թեկնածուներին։

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ այն վայրերում, որտեղ կոալիցիայի խնդիր կա, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են. մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ այն համայնքներում որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել, սակայն կոալիցիա ձևավորելու հարց կա, փորձում է ամեն գնով տապալել այլ ուժերի հնարավոր դաշինքը։ Իշխանության համար «վիզ դնողները» փորձում են հնարավոր և անհնար բոլոր միջոցներով համապատասխան շրջանակների հետ կոնտակտի դուրս գալ և իրենց ցանկալի դրական արդյունքի հասնել։

Ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո, ինչպես և կանխատեսվում էր, իշխանությանը սպասարկող «սազանդարները», ժանրի կանոնների համաձայն, տասնյակ զգայական գրառումներ էին հրապարակում՝ գեղագիտորեն պիտակավորելով այն համայնքի բնակիչներին, որոնք ընտրել են ՔՊ-ին, և նույնքան գեղագիտորեն դիֆերամբներ ձոնում նրանց՝ ովքեր մերժել են իշխանությանը։ Ակնհայտ է, որ նման արձագանքները զգայական մակարդակում նույնպես հասկանալի են, քանզի բանականություն ունեցող ցանկացած անձի համար անընկալելի է՝ ինչպե՞ս կարող են օրեր առաջ ռմբակոծված բնակավայրում անգամ գեթ մեկ ձայն տալ այդ աղետը պատուհասած իշխանության թեկնածուներին։ Այնուհանդերձ պետք է հերթական անգամ հստակ ֆիքսենք, որ քաղաքականությունն էմոցիոնալ զբաղմունք չէ, իսկ ընտրությունների արդյունքները ոչ թե համազգային ողբի, այլ ինստիտուցիոնալ վերլուծության ու քննարկման պետք է արժանանան։ Հենց նման վերլուծության տիրույթում քաղաքականությամբ զբաղվողները պետք է փորձեն հասկանալ այն խորքային պատճառները, որոնք մարդկանց ստիպում են ընտրել աղետն իրենց տուն բերածներին։

Ըստ էության, այդ պատճառները կարող են լինել ամենատարբեր բնույթի՝ սկսած պարզունակ թվացողից մինչև խորը հոգեբանական, բացառված չէ անգամ, որ մարդկանց զգալի մասը դեռևս չի հասկանում տեղի ունեցած ողբերգության խորությունն ու դրա հեղինակներին, կամ հասկանալով հանդերձ՝ նրանց մատչելի կերպով չեն հասկացնում, թե ովքեր և ինչ պետք է անեին այդ աղետը կանխելու համար, բայց չեն արել։ Ակնհայտ  է, որ բոլոր այս և չթվարկված բազմաթիվ պատճառները ենթադրում են ամենօրյա, տքնաջան աշխատանք տեղերում՝ ամենափոքր քաղաքից մինչև ամենասահմանամերձ գյուղ։ Դա աշխատանք է, որով մեր քաղաքական ուժերից ոչ մեկը գործնականում գրեթե չի զբաղվում, թերևս, բացառությամբ իշխանության, որը դա անում է վարչական ռեսուրսի տիրապետելով ու բոլոր բնակավայրերում պետական համակարգը, պետբյուջեն կուսակցական շահերին ծառայեցնելով։

Մեր դառնագին իրականությունը կայանում  է նրանում, որ ակտիվ քաղաքականությամբ զբաղվողների գերակշիռ մեծամասնության համար քաղաքականությունը սահմանափակվում է՝ երևանյան լուսավոր տաղավարներում հարցազրույցներ տալով ու սոցցանցերում հերթապահ գրառումներ կատարելով։ Իրականության մեջ, սակայն, քաղաքականությունը երկրի մութ ու հեռավոր անկյուններում է, այն մարդկանց խառնված մտքերում, դատարկված գրպաններում ու ալեկոծված հոգիներում է, որոնք որևէ ընտրության ժամանակ վերջում ընտրում են իշխանությանը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ պետք է դուրս գալ մայրաքաղաքային ասֆալտից և շփվել մարզային բնակչության հետ, հասկանալ նրանց, խորամուխ լինել վերջիններիս խնդիրներում։

Վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները հերթական անգամ վերահաստատում են, որ լայն իմաստով, ինչպես համապետական մակարդակում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում մարդիկ դեռևս չեն տեսնում իշխանությանն իրական այլընտրանք, ոչ թե կարգախոսային ու քարոզչական, այլ իրական, ծրագրային, աշխատանքային այլընտրանք։ Ահա այդ պայմաններում, նրանք իրական այլընտրանքի բացակայության պատճառով այդուհանդերձ գերադասում են իշխանությանը, որը, եթե անգամ աղետ է, ապա իրական է, ի տարբերություն ընդդիմադիրների խոստացած փրկության։ Աներկբա է, որ տեղի ունեցածը օրինաչափ է, և տեղին չէ մեղադրել քաղաքացիներին, որոնց մեծամասնությունը գտնվում է կա՛մ իշխանական, կա՛մ այլասերված հայհոյախոսության քարոզչության ազդեցության ներքո, որի պատճառը դարձյալ այլընտրանքային տեղեկատվության և այլընտրանքային հասանելի քարոզչության բացակայությունն է։

Այս ամենը խոսում է այն մասին, որ արժե մտածել, թե ինչու են քաղաքացիներն իրենք գլոբալ առումով նեղացել ամենայնից, ինչը ճոռոմաբար անվանվում կամ ներկայացվում է՝ որպես քաղաքականություն։

Արմեն Հովասափյան