Foto

Չգիտեմ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բան պատահում, երբ մենք խաղում ենք Իռլանդիայում․ Կապառոս

 Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը զուգահեռներ է անցկացրել այս հանդիպման և 2011-ին տեղի ունեցած նույն հավաքականների հանդիպման միջև։

«Շատ ցավալի էր, իրոք։ Չգիտեմ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բաներ պատահում, երբ մենք խաղում ենք Իռլանդիայում։ Ստացվեց այնպես, ինչպես 2011-ին։ Այստեղ պետք է գնահատել ֆուտբոլիստների հպարտությունը․․․ երբ հաշիվը 2-2 էր, դեռ բավականին ժամանակ ունեինք մեր ուզած հաշվին հասնելու համար, իսկ մրցակիցը նյարդայնացած էր։ Մենք պետք է հավատայինք մեր ուժերին։ Ավելի շատ էինք տիրում գնդակին ու գոլային պահեր ստեղծում։ Առաջին գոլը մրցակիցը խփեց ստանդարտից, որում նա բավականին ուժեղ է, իսկ 2-0-ից հետո մենք սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը: 2-2 հաշվի ժամանակ Խորեն Բայրամյանը նպաստավոր պահ ուներ։ Մրցակիցը հասկանում էր, որ մենք կարող ենք փոխել իրավիճակը։

Անկյունային հարված չկար։ Սա շատ պարզ է։ Ես չեմ դատում 11-մետրանոցի մասին, ես դատում եմ անկյունայինի մասին, որը չկար, վստահ եմ՝ դուք ևս տեսել եք, որ չկար։ Այսինքն 11-մետրանոց չպետք է լիներ, որովհետև մինչ այդ չպետք է լիներ անկյունային։ Կրկնում եմ, որ չեմ հասկանում ինչ է կատարվում ամեն անգամ, երբ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Իռլանդիայում։

2011-ի խաղը հայկական ֆուտբոլի պատմությունն է և ես պարտավոր եմ այն ուսումնասիրել։ Բացի դրանից` այն ժամանակ մրցավարն իսպանացի էր։

Շնորհակալություն իմ ֆուտբոլիստներին, իսկ այն, ինչ ես ասում եմ ֆուտբոլիստներին հանդերձարանում, մնում է հանդերձարանում»,- ասել է Կապառոսը։