Foto

Քառամյա մանիպույլացիայի արդյունքը

Արդեն մի տեսակ ավանդույթ է դարձել, որ ադրբեջանական յուրաքանչյուր ագրեսիայի կամ սահմանային լարվածության դեպքում, երբ խոսվում է Նիկոլ Փաշինյանի փոփոխության անհրաժեշտության մասին և բողոքի ալիք է բարձրանում, իշխանության սպասարկուները հակադարձում են նայիվ ու պրմիտիվ հակափաստարկով, թե՝ «պատերազմի ժամանակ երկրի ղեկավարին փոխելու մասին հայտարարությունները դավաճանություն են»։

Համաձայնեք, խնդիրն այս պնդումների դատարկությունը չէ, այլ, որ անսահման քարոզչական ռեսուրսների պատճառով հասարակության լայն շերտեր կուլ են տալիս այս խայծը և դրանից բխող՝ «համախմբման մասին կոչերը»։ Եվ քանի որ քարոզչությունը հնչում է ամեն տեղից ու հնչում է կացնաբար, ապա այդ աղմուկի մեջ մարդկանց ականջներին ու առավել ևս մտքերին չի հասնում պարզ ճշմարտությունը, որ այդ ագրեսիաները հնարավոր են դարձել հենց այն իշխանության, երկրի այն ղեկավարի պատճառով, որի շուրջ կոչ են անում համախմբվել իշխանությունը կորցնելու վախից քարացածները։ Ըստ էության առաջանում է կազուս, քանի որ նման պատային իրավիճակում անհասկանալի է՝ նմանօրինակ կոչեր հնչեցնելը։

Ըստ էության՝ ստեղծված իրավիճակի ողջ հակասականությունն ու ողբերգականությունն այն է, որ հասարակության անդամների գերակշիռ մեծամասնությունը միանգամայն այլ վարքագիծ կդրսևորեր համանման իրավիճակում, եթե այն անմիջականորեն վերաբերվեր սեփական կենցաղին։ Իշխանության մասին մարդկանց մեծամասնության խեղաթյուրված պատկերացումները, իշխանությունների կեղծ առասպելականացումն ու վերերկրայնացումը մոռացության է մատնել այն պարզ ճշմարտությունը, որ ոչ թե պաթետիկ կենացներում ու ճոռոմ ու լոթի ելույթներում, այլ իրականության ու սահմանադրության մեջ իշխանությունը ծառայություն է, որի համար հասարակությունը վճարում է։

Գաղտնիք չէ, և դրա մասին ասել են մոտ 500 տարի առաջ, որ պետությունը լայն իմաստով քաղաքացիների դաշինքն է այն մասին, որ մարդկանց մեծամասնությունը համաձայն է ապրել տվյալ կարգով, այդ կարգով իսկ սահմանված իշխանությանը վճարել հարկերի, տուրքերի, այլ վճարների տեսքով՝ իր իսկ կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ մատուցելու համար։ Սա է պետության հիմքում դրված հայեցակարգը, որը գործնական դրսևորումներ է ստանում սահմանադրությամբ, օրենքներով, ձևական ու ոչ ֆորմալ նորմերով, և այլն։ Ասվածն իր հերթին նշանակում է, որ պետության գոյության այդ հիմնարար կառուցակարգում, ինչպես և ՀՀ Սահմանադրության առանցքային հոդվածներում ամրագրված է, որ իշխանությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների անվտանգությունը ներքին և արտաքին սպառնալիքներից, ինչպես և պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունը։

Եթե էլ ավելի մատչելի՝ ի թիվս այլ ծառայությունների, բայց առաջին հերթին՝ հենց այդ գործառույթները՝ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու համար է հասարակությունը վճարում իշխանությանը։ Ահա այս հարթությունում այսօր տեղի ունեցողը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջությամբ տապալել ու շարունակում է տապալել այն պարտավորության իրականացումը, որի կատարման համար քաղաքացիները համաձայնել են վարձել իրեն։

Ասվածի մասին վկայում են դառը փաստերըԱրցախի կորստից հետո արդեն  15 օր է՝ օկուպացված են ՀՀ տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքներ (իսկ ավելի քան 40 քառկմ տարածք օկուպացված է 2021 թ մայիսից)։ Ըստ էության՝ մարդիկ ամեն օր ապրում են նոր ագրեսիայի սպասման ռեժիմում։ Պաշտոնյաները, որոնք սահմանադրորեն պարտավոր են ապահովելու երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, զբաղված են ամեն ինչով, բացի այդ պարտավորությունների իրացումից։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգությունն ապահովելու փոխարեն՝ զբաղված է թշնամական երկրից քարտեզներ աղերսելով, դաշնակահար նախագահը զբաղված է օտար երկրներում հուղարկավորությունների ժամանակ զվարճանալով, և այդպես շարունակ։

Ընդհանուր առմամբ ստացվում է, որ քաղաքացիները վճարում են ծառայության համար, սակայն չեն ստանում այն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խորքային առումով հիմնված է քաղաքացիների ամենապարզունակ բնազդների և դրանք մանիպուլյացնելու կեղտոտ տեխնոլոգիաների վրա։ Այդ իշխանությունը կարող է վերջանալ այն պահին, երբ քաղաքացիները, նույն պարզունակ հարթությունում, հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրենց։

Արմեն Հովասափյան