Foto

Պետականության մայրամուտի սիմվոլը


Հետհայացք գցելով ՀՀ-ում վերջին քառամյակում տեղի ունեցածին՝ ակնհայտ է դառնում, որ այն անդառնալի ուղին, որով այսօր ընթանում է հայկական դեռևս գոյություն ունեցող պետականությունը, Նիկոլ Փաշինյան անհատի ղեկավարությամբ, հայ ազգի վերջին հանգրվանն է։ Այդ մասին նման վստահությամբ ասելու հիմք են հանդիսացել, այն անմեղսունակ քայլերի ու հակահայկական գործողությունների շղթան, ինչին բոլորս ցավոք ականատես ենք դառնում։

Հավանաբար շատերս ենք հիշում, թե ինչպես էր Փաշինյանը դեռևս անցած տարի հայտարարում, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է նվազեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, հենց այդ ժամանակ բոլորը սկսեցին փնտրել պահանջողներին։ Հաջորդող ժամանակահատվածում, սակայն, Նիկոլն իր գործողություններով ապացուցեց, որ «միջազգային հանրություն» ասելով՝ ինքը նկատի ուներ առաջին հերթին ու առավելապես՝ Ադրբեջանին, որի՝ Արցախից ամբողջությամբ հրաժարվելու պահանջը կատարելու պատրաստակամության մասին հայտարարում է բոլոր առիթներով ու բոլոր ամբիոններից՝ սկսած ԱԺ-ից ու ՊՆ բունկերից՝ մինչև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոն։ Ասեմ ավելին, հայտարարում է անթաքույց, ավելին, արդեն տևական ժամանակ նա հստակ ապացուցել է, որ խաղում է բաց քարտերով, առանց որևէ ձևականության՝ցույց տալով, որ պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները։ Ընդ որում, այնքան նախանձախնդիր է այդ հարցում, որ օրերս Ալիևին խնդրում է ներկայացնել ՀՀ՝ իր պատկերացրած քարտեզը։

Ըստ էության, ստացվում է, որ մարդը, ով անվերապահորեն կատարել ու շարունակում է կատարել Ալիևի բոլոր պահանջները, հիմա նրանից խնդրում է քարտեզ, որը կամայականորեն կարող է լինել առանց Հայաստանի որևէ բնակավայրի կամ բնակավայրերի։ Եվ բնավ պետք չէ զարմանալ, ավելի շատ հավանական է, որ առաջիկա ամիսներին ականատես դառնանք, թե ինչպես է իր հերթական լայվի կամ խորհրդարանական ամբիոնը գրկած անհասկանալի դեմք ընդունած կոկորդ պատռում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պահանջում էր Վարդենիսի ամբողջ շրջանը, բայց իրեն «հերոսաբար» հաջողվել է փրկել մի ամբողջ քաղաք ու ևս երեքուկես գյուղ։ Հենց այդ ժամանակ զանգվածները կսկսեն տնքալ էյֆորիայից և ծափ տալ՝ փառաբանելով նրան։

Նշաձողի իջեցման մասին Նիկոլ Փաշինյանի դատողությունն իրականում առանցքային է ու հայեցակարգային։ Այդ արտահայտությամբ նա ուղերձ է հղել, որ հղվողներն ամբողջությամբ չեն ընկալել։ Եվ խոսքն ամենևին Արցախի կամ ոչ միայն Արցախի մասին է։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության նշաձողի իջեցմամբ, և դա անում է այնքան մեծ էնտուզիազմով, ինչպես վարվում է առաջին պատահած բրդուճի հետ։

Անհերքելի փաստ է, որ Փաշինյանը պետության ու հասարակության կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր համակարգերում ու ոլորտներում իջեցրել է նշաձողերը։ Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է քաղաքականությունը և ողջ քաղաքական գործընթացները նա հասցրել սեռաշեղված մեկի մակարդակի խեղկատակության։ Օրերս տեսանք, թե ինչ է կատարվում իրավապահ մարմիններում, որոնց նշաձողն իջեցրել է զոհվածի մայր հոշոտող ենիչերիների մակարդակի։ Բանակը դարձել է կամազուրկ պագոնավորների հավաքատեղի, որի ղեկավարությունը չունի ոչ միայն սպայի, այլ անգամ շարքային տղամարդու արժանապատվություն։ Իսկ հանրային հարաբերությունների որակի նշաձողը կարող է մրցել իշխանական ֆեյքերի ու պերֆեքթիվիների դեգրադացիայի ցուցիչի հետ։ Եթե ընդհանրական ներկայացնենք, Նիկոլն իր իշխանության տարիներին, բայց հատկապես պատերազմից հետո, հայկականությունը հասցրել է քաղաքական, հանրային,  բարոյական, արժեքային անկման հատակին, ավելին, ամեն օր ապացուցում է, որ անկումը դեռևս կարող է շարունակվել մինչև անսահմանություն, ինչը հանգեցնելու է պետականության վերջնական կորուստի։

Այսօր մենք ապրում ենք մի իրողության մեջ, երբ հայ հասարակությունը, քաղաքական և մնացած բոլոր վերնախավերը, անկախ իրենց դիրքորոշումներից, քաղաքական, արժեքային և այլ պատկանելություններից, ունեն գուցե վերջին հնարավորությունը՝ ցույց տալու կա՛մ հայկականության դիմադրողականության վերջին փշրանքները, կա՛մ թուլանալու և հաճույք ստանալու այնքան ժամանակ, մինչև հակահայ մոլագարն ամբողջությամբ ավարտին կհասցնի իր անելիքը։  Դա կլինի Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը կամ ստորագրությունը, որից հետո Հայաստանն այլևս կարող է չլինել, բայց ինքը կկարողանա հայտարարել, որ իրականացրել է իր ամենակարևոր երկու խոստումները միաժամանակ՝ և՛ Հայաստանն ունեցել է Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ, և՛ Հայաստանն այլևս վարչապետ չունի։

Արմեն Հովասափյան