Foto

Պրահայի գագաթնաժողովի հայկական մոտիվները


Ինչպես հայտնի է՝ օրերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը «եթե»-ներով հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ «Եթե Պրահայի գագաթնաժողովին մասնակցելու որոշում կայացնենք, այնտեղ կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար մտածում է, որ այնտեղ կարող ենք հանդիպել: Գուցե հնարավորություն ունենանք այնտեղ նրա հետ քննարկել այս հարցերը։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ, և ըստ այդմ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։ Ի դեպ՝ նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն. «Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ»։ Հատկանշական է այստեղ ընդգծել նաև, որ դեռևս մեկ տարի առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել, բայց որևէ հանդիպում այդպես էլ չկայացավ:

Հավելենք, որ Պրահայում, ըստ նախնական տեղեկությունների, քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան ևս հրավիրվելու է գագաթնաժողովին՝ չնայած Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված բարդություններին։ Թուրքիայի մասնակցության հարցը ևս վիճելի է, քանի որ Հունաստանը և Կիպրոսը, որոնք ներքաշված են Անկարայի հետ երկարատև վեճերի մեջ, դեմ են այս երկրի ներկայացուցիչներին հրավիրելուն։ Միշելն ասել է, որ ԵՄ-ն պետք է հրավիրի Թուրքիային, սակայն կառույցը պետք է համոզված լինի, որ «աջակցություն կա բոլոր գործընկերների կողմից»: Պրահա են հրավիրվել նաև Նորվեգիան ու Շվեյցարիան, ինչպես նաև ԵՄ անդամակցությանը սպասող 9 երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն ու Արևմտյան Բալկանների 6 երկիր, ինչպես նաև ոչ թեկնածուներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Այստեղ ընդգծենք, որ մի շարք վերլուծաբաններ կարծում էին, թե ռուսական կողմը ծրագրում է Հայաստանի շփումներ Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարների հետ, որը նախատեսում էր կազմակերպել Սամարղանդում դեռևս սեպտեմբերի կեսին, սակայն, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը չմեկնեց ՇՀԿ սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին բռնկված պատերազմի պատճառով: Փաստացի ստացվում է այնպես, որ, ինչպես հայ-թուրքական գործընթացը բանագնացների միջև տեղի չունեցավ ՌԴ հովանու ու միջնորդության ներքո, այնպես էլ Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա արևմտյան հովանու ներքո՝ Պրահայում:

Ըստ էության, բարձրաստիճան այս հնարավոր հանդիպումը կարևոր է լինելու, սակայն, հետաքրքրական են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերաֆորմատավորման բոլոր գործընթացները, որոնցում ակտիվ են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն: Այս ընթացքում ակնհայտ է, որ Ռուսաստանը հասկանալի պատճառներով մի փոքր հետ է քաշվել: Թուրքիան կարծես հասկանում է, որ ուժային սցենարը կարող է ինչ-որ փուլում դիմադրության և հավելյալ լարվածությունների պատճառ դառնալ, ու նոր ծրագրավորումների մեջ է:

Իրականությանը պետք է նայել ռեալ աչքերով և փաստել, որ ներկայումս Թուրքիան հարավկովկասյան տարածաշրջանում հիմնական խաղացողի դերակատարության մեջ է, թեև մեկումեջ այստեղ նկատվում է նաև Արևմուտքը և Իրանը: Այսինքն՝ բոլոր գլոբալ գործընթացները կապ ունեն նաև Հարավային Կովկասի հետ, այն բանի հետ, թե ինչպես և ինչ պայմաններով պետք է կարգավորվեն հարաբերությունները: Նշենք, որ Թուրքիան ակնարկում է, որ վերադիրքավորվում է, և Հարավային Կովկասում գուցե նոր առաջարկներ հնչեն: Արձանագրենք  նաև, որ Ռուսաստանը քանիցս իրեն առաջարկում է որպես բանակցային հարթակ, սակայն կողմերն, ըստ էության, դրանից հրաժարվեցին, իսկ ՌԴ-ն ուկրաինական թեմաների հետ կապված ուղղակի անտեսել է այդ հանգամանքը։

Այս ժամանակահատվածում ակնհայտ է,  որ Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ հետ իրենց հարաբերությունները կարգավորում են զուգահեռ, ներկայումս, ինչպես ցույց են տալիս դեպքերի հաջորդականությունը, առաջին պլան է գալիս Թուրքիան:

Միանշանակ բարդ է ասել, թե կոնկրետ ինչ պետք է սպասել, այդ հնարավոր հանդիպումից, այնուամենայնիվ, միանշանակ է, որ բացառված է, որ Թուրքիան հրաժարվի տարածաշրջանային իր նպատակներից, պարզապես, ինչպես երևում է, որոշակի մշակումներ կամ փոփոխություններ են արվում, ինչն էլ ավելի կհստակվի առաջիկայում:

Ամփոփելով հավելենք նաև, որ Պրահայի հանդիպման հետ կապված մամուլում տեղեկություն էր շրջանառվում, ըստ որի՝ հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը, անգամ արդեն մեկնարկել են հնարավոր հանդիպման հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Ի դեպ՝ նշվում էր նաև, որ չի բացառում, որ Պրահայում տեղի ունենա նաև Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ:

Արմեն Հովասափյան