Foto

Դիրքային պայքար գեոպոլիտիկ մղձավանջում

Հարավկովկասյան տարածաշրջանում արդեն երկրորդ շաբաթը՝ բավականին լուրջ իրավիճակ է՝ պայմանավորված Ադրբեջանի ՀՀ պետական սահմանին սանձազերծած ռազմական ագրեսիայով։ Այս առիթով բավական ակտիվ է հատկապես Իրանը, ով ոչ մի կերպ չի հանդուրժում իր հյուսիսային սահմանում, որևէ գծային փոփոխություն։ Սեպտեմբերի 13-ից սկսած իրանական կողմն անընդհատ ուղերձներ է հղում Երևանին, Բաքվին, Անկարային ու ռեգիոնալ բոլոր խաղացողներին: Ավելին, հայ-ադրբեջանական պատերազմին այս անգամ անդրադարձել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն: Նա ընդգծել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:

Բացի այդ հայտարարությունից՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը քննարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հարցով։ Հիշյալ հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն ասել է, որ՝ «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»: Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ՝ նա ասել է. «Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»: Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և հետխորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին։

Միանշանակ է, որ այս օրերին ուղերձների հիմնական մասն անուղղակիորեն հղվում են Թուրքիային. բանն այն է, որ երրորդ երկրների միջամտությունն այս հակամարտությանը Իրանին ևս կարտոնի միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ևս այս օրերին դիրքորոշում է հայտնել՝ խոսելով ռեգիոնում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Իրանի դիրքավորումը ռեգիոնում և աշխարհում անհանգստացնում է նրա ավանդական ու ոչ բացահայտ թշնամիներին: Ի դեպ՝ ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «տարածաշրջանում նրանք, որոնց ռազմական ու քաղաքական ուժը թեև իրենց երկրի հետ համեմատելի չէ, բայց ուժի ցուցադրություն են անում, իրենց ծիծաղելի վիճակում են դնում»՝ ակնհայտորեն ակնարկելով Իրանին:

Հավելենք նաև, որ այս ընթացքում Արևմուտք-Իրան միջուկային բանակցություններում ևս խնդիրներ ի հայտ եկան և գործարքի վերականգնման ժամկետը կրկին անորոշության մատնվեց այն դեպքում, երբ շաբաթներ առաջ կողմերը մոտ էին դրա կնքմանը: ՄԱԿ ԳԱ իր ելույթում Ռաիսին վստահեցրեց՝ իր երկիրը չունի միջուկային զենք ստեղծելու մտադրություն: Նա նաև դատապարտել է ԱՄՆ-ին, հայտարարելով, որ այլ երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելով՝ Վաշինգտոնը հեգեմոնիստական քաղաքականություն է իրականացնում:

Հատկանշական է ընդգծել, որ այս ամենը տեղի է ունենում վերջին տարիների ընթացքում Իրանում բռնկված ամենալուրջ բողոքի ակցիաների ֆոնին: Վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում, թե ինչպես են իրանցի կանայք կտրում իրենց վարսերն ու ցուցադրաբար այրում հիջաբները ինչպես հայտնի է՝ Իրանում տեղի ունեցող ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման էր ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Նշենք, որ հակակառավարական ցույցերը տարածվել են Թեհրան, Մաշադ, Համեդան, Թավրիզ, Արաք, Ռաշթ, Քազվին, Զանջան և Իլամ քաղաքներում: Ի դեպ հավելենք, որ ըստ տարբեր վերլուծաբանների, բողոքի այս ալիքը էապես առաջ է մղվում Իրանում պանթուրքական ուժերի կողմից, ավելին, դրան զուգահեռ՝ ազգայնական պահանջներ են հնչեցվում, որոնց ետևում Իրանում տեսնում են Բաքվին ու Անկարային:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան այդպիսի երկրներից մեկն է, որը ցանկացած հարցի վրա ցանկանում է իր «ձեռքերը տաքացնել»: Սա Իրանում գիտեն, սա է նաև պատճառներից մեկը, որ Իրանն ամեն գնով ցանկանում է անփոփոխելի պահել հայ-իրանական սահմանը, քանի որ կա Իրանի Հյուսիսի խնդիրը: Եթե այդ սահմանը փոփոխվի, Իրանի թիրախավորումն ավելի մեծ թափով ու բազմաճակատ կընթանա, քանի որ նույն թուրանական տրամադրություններն էլ ավելի կխորանան և կխթանվեն:

Կասկածից վեր է, որ այն ինչ այս օրերին տեղի է ունենում Իրանում և նրա շուրջ արտաքին դերակատարների մասնակցությամբ, չի կարող չմտահոգել Հայաստանին, քանի որ ՀՀ սահմանային շրջանների նկատմամբ վերջին ադրբեջանական հարձակման ֆոնին Իրանը ՀՀ եզակի գործընկեր երկրներից էր, որը հանդես եկավ ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության օգտին: Բացի դրանից այս ընթացքում շարունակում է զսպաշապիկ լինել Թուրքիայի և Ադրբեջանի համար, հստակ ակնարկներով, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություններն ունենալու են ռազմական հետևանքներ (բնականաբար Իրանը հետապնդում է սեփական գեոպոլիտիկ շահերը, սակայն այս փուլում էական է ուրիշների շահերը համադրել ՀՀ շահերին և օգտվել ցանկացած իրավիճակից):

Առաջ անցնելով արձանագրենք, որ Իրանում այս օրերին տեղի ունեցողը, բավական  մասշտաբային բնույթ է կրում, քանի որ արտաքին միջամտողներն ավելի շատ են։ Սա իր հերթին պայմանավորված է նրանով, որ աշխարհում ստեղծված անկայունության շրջանից փորձում են օգտվել բոլորը, իրենց շահերը ցանկանում են առաջ մղել բոլորը: Չմոռանանք նաև, որ վերջին տարիներին Իրանում կան նաև լուրջ տնտեսական խնդիրներ, որոնց հարցով ժամանակ առ ժամանակ բողոքի շարժումներ են բարձրանում, ապա մարում:

Ամփոփելով նշենք, որ պայմանավորված Ռուսաստանի իրավիճակով, որը ոչ մի կտրուկ քայլ այլ ճակատներում չի  կարողանում իրականացնել, Իրանն իր դիրքորոշմամբ ամրապնդում է իր ազդեցությունը Հրվ. Կովկասում: Ավելին, եթե այս փուլում Թուրքիան ակնարկներ է անում Իրանին, նշանակում է, որ Իրանի գործոնը Թուրքիային մտահոգում է և թույլ չի տալիս ողջ ծավալով օգտագործել ՌԴ իրավիճակը: Ընդհանուր առմամբ և՛ Թուրքիայի, Ռուսաստանի և՛ Իրանի իրավիճակը բարդ է, քանի որ Թուրքիան և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ բարդ խաղ է խաղում և մանևրում:

Արմեն Հովասափյան