Foto

Նախադպրոցական կազմակերպությունների համար կապահովվի լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախադպրոցական կրթության բնագավառում գործող նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման, այն կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Արդյունքում կբարելավեն ուսումնական հաստատությունների լիցենզավորման պայմաններն ու պահանջները, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը: Կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխել լիցենզավորման գործող մի շարք չափանիշներ և պահանջներ, քանի որ գործող չափանիշները լիովին չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացումը:

ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թ. փոփոխությունների համաձայն փոխվեց ֆինանսավորման մեթոդաբանությունը, և հանվեց ըստ աշակերտ թվի ֆինանսավորման մեխանիզմը։ Որոշմամբ առաջարկվում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ: Մասնավորապես, նախատեսվում է միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության, ինչպես նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։ Ըստ առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն: Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը: Այդ ամենը հնարավորություն է տալիս կիրառելով միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար: