Կառավարության որոշմամբ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչվել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սա շարունակական գործընթաց է, որը պարբերաբար իրականացվում է: «Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ՝ երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան»,- ասել է նախարարը:
Կառավարությունը գումար է հատկացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու համար
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին: Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է այս երեք մարզերին (6 համայնքներ) հատկացնել 50.0 մլն-ական դրամ:









