Foto

ՌԴ-ն կորցնո՞ւմ է վերահսկողությունը

Ողջ աշխարհում աշխարհաքաղաքական եռացող կաթսան ամբողջովին փոխել է նախկին գեոքաղաքական պատկերը  և փաստացի կանգնած ենք լրիվ այլ, բավականին վտանգավոր գործընթացների առաջ։ Միմյանց հաջորդող կոչերն ու ամենատարբեր հայցերը խոսում են այն մասին, որ խորքային ու արմատական շրջադարձերի ենք ականատես լինելու։

Ինչպես հայտնի է օրեր առաջ Նենսի Փելոսիի երևանյան այցին ու Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարության միջնորդությամբ կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը, որը տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպման հետ կապված նշենք, որ, ըստ տեղեկությունների, այն տևել է մեկ ժամ: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ Կարևորվել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Ընդգծենք նաև, որ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։ Ամերիկյան կողմը, մասնավորապես, թե՛ պետքարտուղար Բլինքենը, թե՛ Երևանում Նենսի Փելոսին դատապարտել են ադրբեջանական հարձակումը Հայաստանի դեմ՝ աջակցելով ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը, զուգահեռաբար կոչ անելով հետ քաշել զորքերը:

Վերը նշվածին զուգահեռ, շատերի համար տարօրինակ, որոշ շրջանակների համար, լրիվ տրամաբանված, ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակում է ընդգծված չեզոքություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ընդհանուր առմամբ, եթե թեման ներկայացնենք ավելի լայն բացվածքով, ապա ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ն անցել է տարածաշրջանից ՌԴ դուրսբերման ինտենսիվ գործընթացի, որը համընկնում է Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական բարդ փուլի հետ: Ավելին, ԱՄՆ-ը հստակորեն գրավում է բանակցային գործընթացը, խաղադրույքներ կատարում տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Հայաստանի վրա, որը ՌԴ դաշնակիցն է՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն չի կարող միջնորդական ջանքերն այնպես ծավալել, ինչպես դա արել է անցյալում:

Ի դեպ կարևոր է արձանագրել, որ այստեղ խոսքը հենց ՌԴ-ի և ոչ թե՝ ՀԱՊԿ-ի մասին է, քանի որ ՀԱՊԿ-ը վաղուց իրեն ցույց է տվել՝ որպես անգործունակ կառույց, հատկապես նման հակամարտությունների դեպքում: Արդեն իսկ կասկածից վեր է, որ ցանկացած ռազմական զարգացում ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում մեծ մարտահրավեր է ՀԱՊԿ-ի համար, քանի որ այստեղ չի հաջողվում կոնսենսուսներ ձևավորել:

Ըստ էության, ՀԱՊԿ առաքելության, ՀԱՊԿ պաշտոնյաների գործուղումը Երևան ամեն դեպքում որոշակի արձագանք էր, թեև բարդ է ասել, թե կոնկրետ ինչ հետևանք է այն ունենալու: Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա, միանշանակ է, որ Ռուսաստանը հատկապես նման դժվարին փուլում առաջնորդվում է իր աշխարհաքաղաքական շահերով:

Դեպքերի ընթացքը վերահաստատում է այն իրողությունը, որ այս ընթացքում բարդ է լինելու համարձակ գործելը: Դա հաշվարկում են Արևմուտքում, և ԱՄՆ այս արձագանքի ֆոնին ՌԴ հստակ գնահատականներից խուսափելն առանձնահատուկ ընդգծվեց: Իսկ ՌԴ-ն խուսափում է, քանի որ Ռուսաստանի համար Թուրքիան և Ադրբեջանը կարևոր են, ինչը որևէ մեկի համար նորություն ու անակնկալ չէ: Այլևս փաստ է, որ ռուս-թուրքական բանակցությունները չափազանց կարևոր են ՌԴ-ի համար, և ստացվում է այնպես, որ հայկական հարցերն իրենց կարևորությամբ հետ են մղվել:

Ամփոփելով հավելենք, որ պետք է ընդունել, որ թեև վերջին օրերին ԱՄՆ-ն իր մասին հաճախ է հիշեցնում Երևանին ու Բաքվին, Վաշինգտոնը կոնկրետ բանակցություններից, օրակարգերից դուրս է և միայն սահմանին իրավիճակի կայունացման հարցով է ներքաշվել գործընթացի մեջ: Հենց սա է պատճառը, որ արտգործնախարարների հանդիպումը կարճ է տևել, քանի որ ԱՄՆ-ը չի տիրապետում բովանդակային նյութին, դրանում ներգրավված չէ: Միաժամանակ փաստ է նաև, որ ԱՄՆ-ը ցանկանում է մնալ կողմերի միջև, անել այն, ինչ Մոսկվան չի անում՝ գլխավոր նպատակը տարածաշրջանում հաստատվելն է, որն ակնհայտորեն ուղղված է ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի դեմ:

Ըստ էության, հարավկովկասյան փխրուն տարածաշրջանը հայտնվել է մեծ մրցակցության թիրախում, որտեղ Արևմուտքը մեծ ակտիվությամբ, ջանքերով փորձում է դուրս բերել գործընթացը ՌԴ վերահսկողությունից, իսկ ՌԴ-ն սահմանափակ միջոցներ ունի այս ամենին ակտիվ արձագանքելու համար, քանի որ գտնվում է պատերազմի մեջ, որն ուղեկցվում է մի շարք տուրբուլենտ գործընթացներով:

Արմեն Հովասափյան