Foto

Ինչ է ուզում Փելոսին․․․․

Աշխարհա–քաղաքական վերադասավորումների շրջանում Փելոսիի այցը Հայաստան ուշագրավ է առաջին հերթին գնահատականների առումով։ Կարծիքներ հնչեցին, թե այցն ուղղված է Իրանի դեմ՝ կապված հիմնականում Իրանի միջուկային ծրագրի փակուղում հայտնվելու հետ։ Ոմանք անգամ սիմվոլիզմի օգնությամբ փորձեցին բացատրել, թե իբր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գորգանկարի ֆոնին նրա հայտնվելը ուղղակի պատահականություն չէր և ակնարկ էր՝ ուղղված Իրանին։ Ինքս հակված չեմ հավատալու այս տեսակետին երկու պատճառով․
1. Որքան էլ ընդունելի կամ անընդունելի լինի ԱՄՆ–ի քաղաքականությունը, չենք կարող ասել, որ պրագմատիզմ նրանում չկա։ Միացյալ Նահանգներում այնուամենայնիվ գիտակցում են տարաածշրջանային կառուցակարգում Հայաստանի տեղը և Իրանի կարևորությունը Հայաստանի ֆիզիկական գոյության հարցում։
2. Իրանին շատ ավելի արդյունավետ կարելի է հակադրվել Ադրբեջանով՝ առաջ մղելով դեռևս Բժեզինսկիի հորինած «Մեծ Ադրբեջանի» գաղափարը, որի իրագործման հարցում հնարավոր է մեկտեղել նաև թուրք–իսրայելական ջանքերը։
Կարծիքներ կան, թե այցն ուղղված է Ռուսաստանի դեմ՝ հատկապես ՀԱՊԿ–ի և Ռուսաստանի շուրջ վերջին խոսակցությունների ֆոնին։ Նման ձգտումներ Միացյալ Նահանգներն իհարկե ունի, բայց դրանք Հայաստանի պարագայում միջնորդավորված բնույթ կարող են կրել, այլ ոչ՝ ուղղակի։ Այս հարցում ամերիկացիները միշտ էլ առավել պրագմատիկ են եղել, քան շատ և շատ հայեր։ ԱՄՆ–ում խորքային պատկերացում ունեն առ այն, որ հայկական պետության անվտանգային համակարգում ռուսական բաղադրիչի դերը մեծ է և չնայած իրավիճակային դրսևորումներին, խորքային հակառուսականություն Հայաստանում լինել չի կարող։ Ի դեպ, սա դրսևորվեց նաև ճեպազրույցի ժամանակ:
Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում Փելոսիի այցը: Հակված եմ հավատալու Թուրքիային Ռուսաստանից պոկելու տարբերակին։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ–ի անդամ, ներկա երկփեղկվածության պայմաններում վարում է ԱՄՆ–ի տեսանկյունից անթույլատրելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն և լիարժեք կերպով չի ներքաշվում հակառուսական պատժամիջոցների դաշտ, ավելին՝ Արևելքում որոնում է նոր հնարավորություններ։ Թուրքիային կարելի է ցավեցնել մի քանի կետերում՝ Արևելամիջերկրականում Հունաստանով և Կիպրոսով, ներսում՝ քրդական հիմնախնդրով։ Բայց Թուրքիայի համար ամենից զգայունը եղել և մնում է Հայոց Ցեղասպանության խնդիրը։ Սա Միացյալ Նահանգներում լավ են հասկանում։
Ցեղասպանության հուշահամալիր Փելոսիի այցելությունը, հույզերն ու արցունքները հաղորդագրություն էին հասցեագրված Էրդողանին։ Տեսեք ինչեպսե է ուղարկվում հաղորդագրությունը․ «Մենք Հավերժական կրակի մոտ էինք՝ 1.5 միլիոն զոհերի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցելու համար։ Նրանք այսօր ԱՄՆ-ում ապրող ամերիկահայերի նախնիներն են։ Մենք այցելեցինք Ցեղասպանության թանգարան, մինչեւ այդ ծաղկեպսակ դրեցինք»։ Ապա ավելացնում է՝ «Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը մեզ թանգարանում ներկայացրին։ Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն»։
Ստացվում է, որ Փելոսին, ով տարիներ շարունակ ներկայացուցիչների պալատում շփվում էր հայկական լոբիստական կազմակերությունների հետ, նոր է բացահայտում Ցեղասպանության իրողությունը և որ շատ հատկանշաան է՝ հանդես է գալիս ոչ թե Հայաստանի, համայն հայության, այլ ամերիկահայերի նախնիների շահերի տեսանկյունից։
Որոշ ակնարկներ ամերիկացի պաշտոնյան ուղղեց նաև Հայաստանի իշխանություններին, ովքեր չնայած վաղուց իրենց հռչակել են ժողովրդավարության բաստիոն։ Փելոսին արձանագրեց, որ «Հայաստանը ժողովրդավարության եւ ավտոկրատիայի մեջտեղում է»։ Ի՞նչ է սա ենթադրում՝ կդառնաք «լիարժեք ժողովրդավարություն», եթե ընդունեք ձեզ վերապահված «հակաթուրքական մահակի» դերը, որը, կրկնում եմ, տվյալ պատմական պարագայում պետք է ծառայի Թուրքիային հակառուսական պատժամիջոցների դաշտ տեղափոխելուն։