Foto

Տնտեսական դիֆերամբների «պերեդոզը»

Հավանաբար շատերս ենք հիշում, թե ինչպես էր նախորդ տարի Վահան Քերոբյանը ամպագոռգոռ խոսում երկնիշ տնտեսական աճի մասին, ասեմ, որ այդ «աշխարհացունց» կանխատեսումը չարդարացավ, ինչը նրան շատ անհարմար դրության մեջ դրեց ու ստիպեց երբեմն անհեթեթ բացատրություններ տալ և արդարացումներ փնտրել։ Նախորդ տարվա դառը փորձը ստիպեց, որ նա այլևս երկնիշ տնտեսական աճ չկանխատեսեց, փոխարենը՝ պաշտոնական վիճակագրությունը երկնիշ տնտեսական աճեր է գրանցում ու դրանից վերջինս յոթերորդ երկնքում է։ «Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում լավ արդյունքներ է գրանցել տնտեսության մեջ. ունենք վերջին 15 տարվա մեջ ամենամեծ աճը` ՀՆԱ-ի աճը կազմել է 11,1 տոկոս»,- հպարտանում է Քերոբյանը, թեև ինչպես նա, այնպես էլ կառավարությունը դրա հետ կապ չունեն։

Բանն այն է, որ իրականում տնտեսական աճը գրանցվել է հիմնականում սպառողական պահանջարկի ավելացման հաշվին, բայց կառավարությունը չէ, որ մեծացրել է սպառողական պահանջարկը։ Գաղտնիք չէ, որ սպառողական ակտիվությունը, որը վերջին մի քանի ամիսներին նկատվում է Հայաստանում, պայմանավորված է այլ գործոններով։ Դրանցից առաջին զբոսաշրջային հոսքերի ավելացումն է․ առաջին կիսամյակում զբոսաշրջիկների քանակը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 2,4 անգամով, չնայած դեռևս շատ հեռու է նախկին մակարդակներին հասնելուց։ Մյուս գործոնը՝ դրամական հոսքերի կտրուկ ավելացումն է։ Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում հսկայական գումարներ են գալիս Հայաստան, ու դրանք խթանում են սպառողական պահանջարկն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առևտուրն ու ծառայությունները (տնտեսության մեջ արձանագրվող աճի 80-85 տոկոսը հենց այս 2 ոլորտների հաշվին են)։

Ի դեպ փաստենք, որ առևտուրն ու ծառայությունները չեն կարող անվերջ աճել, քանի որ գալու է մի պահ, որ այդ աճը կանգ է առնելու, ու սկսելու է անիվը հետ պտտվել։ Հրապարակված հուլիս ամսվա տնտեսական ցուցանիշներում արդեն նման երևույթներ նկատվում են։ Ըստ էության՝ նշված գործոնների ազդեցությունը տնտեսության աճի վրա սկսել է թուլանալ։ Դրա հետևանքով տեղի է ունեցել տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում։ Նախորդ ամսվա համեմատ՝ դադարել է ծառայությունների աճը, որն էական դեր ուներ վերջին ամիսների տնտեսական ակտիվության աճի գործում։ Անկումը մեծ չէ՝ 0,3 տոկոսային կետ, բայց փաստ է։ Ու դա առաջիկա ամիսներին կարող է ավելի խորանալ։

Առավել տրամաբանված կլիներ, որ տնտեսական աճի վերաբերյալ վերամբարձ հայտարարություններ անելու փոխարեն՝ կառավարությունում փորձեին հասկանալ ու բացատրել, թե դա ինչի հետևանք է։ Նշենք նաև, որ հուլիսին աճի տեմպի դանդաղում ունենք նաև ներքին առևտրի ոլորտում, իսկ արտաքին առևտրի շրջանառությունը նույնիսկ նվազել է։ Հուլիսին ավելին քիչ արտահանում ենք արել, քան հունիսին։ Բացառապես արտահանման հաշվին է տեղի ունեցել արտաքին առևտրի կրճատումը։ Արտահանումը հուլիսին հունիսի նկատմամբ կրճատվել է գրեթե 5 տոկոսով։ Ներմուծումն այդ ամսին շարունակել է աճել, բայց աճի տեմպն էապես ընկել է և կազմել է ընդամենը 2,5 տոկոս։

Այստեղ կարևոր է արձանագրել, որ տարվա կտրվածքով արտաքին առևտրի ու արտահանման այն բարձր աճերը, որոնք արձանագրվում են պաշտոնական վիճակագրության մեջ, մեծապես կապված են վերարտահանման հետ։ Դրա շնորհիվ մի կողմից՝ ներմուծումն է ավելանում, մյուս կողմից՝ արտահանումը, ինչն էլ խթանում է մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը, բայց ոչ բուն տնտեսությունը։ Մեր տնտեսության աճի պոտենցիալը շատ ավելի ցածր է, քան այն աճը, որը գրանցվում է այս տարի։ Դա նշանակում է, որ այդ աճը կապված չէ տնտեսության իրական զարգացումների հետ։ Թեև ֆինանսական մեծ հոսքեր են գալիս Հայաստան, դրանք շարունակում են շրջանցել տնտեսության իրական հատվածը։ Ըստ էության՝ ֆինանսական միջոցները կուտակվում են բանկային համակարգում ու չեն կարողանում մտնել տնտեսություն։ Տնտեսությունն ի վիճակի չէ դրանք կլանել, ինչի պատճառով գումարները խցանվում են բանկերում ու դառնում անաշխատ կապիտալ։ Ի դեպ՝ ստեղծվել է աբսուրդային իրավիճակ. բանկային ավանդների ծավալը գերազանցում է վարկերի ծավալներին։ Այսինքն՝ բանկերում զուտ ավանդների տեսքով ներդրված գումարներն ավելի շատ են, քան այնտեղից դուրս եկողները։ Համաձայնեք, որ նման իրավիճակներ բանկային համակարգում հաճախ չենք հանդիպում։

Այսօրվա փաստացի իրավիճակով՝ տնտեսության լավ վիճակից չէ, որ գումարները մնում են բանկերում։ Կառավարության ու իշխանությունների խնդիրն է տարբերակներ գտնել այդ գումարները մեր տնտեսության զարգացումներին ծառայեցնելու համար, բայց այդ տարբերակները չեն երևում։ Ըստ էության՝ կառավարությունը թմբիրի մեջ է և նրանց կաիծիքով՝ արտաքին հատվածից մեր տնտեսության համար թելադրված այս նպաստավոր իրավիճակը հավերժ պահպանվելու է, ու իրենք էլ մշտապես վայելելու են տնտեսության բարձր աճն ու աճի պտուղները։ Միանշանակ է, սակայն, որ այս ամենը ժամանակավոր դրական շոկ է, որը մի օր դադարելու է, ուստի, հարկավոր է այսօրվանից մտածել դրա հաշվին բարձիկներ ստեղծելու մասին, որպեսզի տնտեսությունը կարողանա հնարավորինս քիչ ցնցումներով հաղթահարել սպասվող բացասական շոկը։

Արմեն Հովասափյան