Foto

Արցախի իշխանություներն այս պահին ներգրավված չեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին. Լուսինե Ավանեսյան

Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագածի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:

ՀՀ վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում հայտարարել է, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: «Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ»:

Պարզելու համար՝ Արցախի իշխանությունները տեղեկացվա՞ծ են արդյոք, թե ԼՂ հարցը տարանջատված է, թե ոչ, մշակվող փաստաթղթի նախագծի մեջ ԼՂ-ին վերաբերող դրույթ, արձանագրում լինելու է, թե ոչ և, եթե այո, ապա ինչպե՞ս է այդ փաստաթուղթն առնչվելու ԼՂ հարցին, «Փաստինֆո»-ն դիմել էր Արցախի նախագահի մամուլի քարտուղարին։

«Արցախի Հանրապետության իշխանություներն այս պահի դրությամբ ներգրավված չեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին։ Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը եղել և մնում են Արցախի Հանրապետության իշխանությունների քաղաքական ուղենիշը»։