Foto

Քծնանքի վարպետի արկածները

Աշխարհաքաղաքական զարգացումները գրեթե ամենօրյա ռեժիմով փոխում են մեր տարածաշրջանի պատկերն ու գոյություն ունեցող ուժային հարաբերակցությունները և դասավորվածությունները։ Ինչպես հայտնի է տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները փորձում են իրականացնել ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն, ավելին՝ դրա հետ կապված ոչինչ չեն թաքցնում։

Այս օրերին ՀՀ իշխանությունների արևմտյան ռևերանսների, կամ ինչպես մի շարք վերլուծաբաններ են գտնում, դրանց իմիտացիայի ֆոնին Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում է, Վլադիմիր Պուտինի հետ մասնակցում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած Փաշինյան-Պուտին անձնական հարաբերությունների, դրանցում անվստահության մթնոլորտի մասին տևական խոսակցություններին ու քննարկումներին, Փաշինյան-Պուտին բոլոր ուղիղ հրապարակային շփումներն անցնում են Պուտինին ուղղված անթիվ-անհամար շնորհակալությունների, գովեստի խոսքերի ու մի շարք ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցում նրա առանձնահատուկ դերակատարությունը շեշտելու մթնոլորտում: Ասեմ ավելին, Փաշինյանը ՀՀ պատմության միակ ղեկավարն է, որ այդ աստիճան գովաբանում է ՌԴ-ին, անգամ Սովետական Հայաստանի պետական այրերն այդ աստիճան չէին քծնում Մոսկվային և պոլիտբյուրոյին։ 

Արձանագրենք՝ ակնհայտ է, որ սա ՀՀ արտաքին քաղաքական նորագույն պատմության ընթացքում բացառիկ փուլ է, երբ հայ-ռուսական ամենաբարձր մակարդակի հարաբերություններում նման որակի բառապաշարի ու քծնանքի գերդոզավորում է:

Ինչպես հայտնի է՝ սովորաբար երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների պաշտոնական տեքստերում ներառվում են միմյանց ուղղված որոշ «ջերմ» ձևակերպումներ, մեկ նախադասություն, որը բանակցությունների ու դրական դիվանագիտական տոնի նշան է, սակայն, երբ մի կողմի ողջ ելույթը համեմված է շնորհակալություններով, գովեստներով, քծնանքով, դա, մեղմ ասած, վատ ու մտահոգիչ հանգամանք է՝ ինչպես հայ-ռուսական հարաբերությունների որակի, այնպես էլ՝ ՀՀ վարկանիշի ու միջազգային ասպարեզում կշռի տեսանկյունից: Այժմ այնպիսի իրավիճակ է, երբ նույնիսկ այդ քծնանքն անկեղծ ու վստահելի չի դիտարկվում այն երկրում, որի ղեկավարին ուղղվում է այն:

Մի քանի ասպեկտով անդրադառնանք Փաշինյանի դիֆերամբներին։ Ըստ էության, Նիկոլն իր ելույթը սկսեց Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհակալությամբ, ապա ասաց, որ դժվար ժամանակներ ենք ապրում: Ըստ նրա՝ մեր տարածաշրջանի համար էլ ժամանակները հեշտ չեն, քանի որ այն մարտահրավերները, որոնք վաղուց կան, և դրանք անվտանգության հետ կապված մարտահրավերներ են, գնալով սրվում են, ու մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացմանը։ Նա ընդգծեց, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել 2020 թվականին, երբ Ադրբեջանը՝ օգտվելով այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության և ՌԴ ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսային համավարակի վրա, պատերազմ սկսեց։

 

Իր խոսքում Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ տնտեսությունում լավ դինամիկա կա, ու այս տարի կա նպատակ՝ ունենալ տնտեսական աճ շուրջ 7 տոկոս: Այս կոնտեքստում նա ընդգծեց ԵԱՏՄ բացառիկ դերը՝ նշելով, որ այդ միությունն իրեն արդարացրել է ՀՀ համար տվյալ իրավիճակում (չմոռանանք, թե ինչպես էր Նիկոլն արտահայտվում նույն ԵԱՏՄ-ի վերաբերյալ ընդդիմադիր եղած ժամանակ): Անդրադառնալով այն հնարավորություններին, որոնք կարող են բացվել Հայաստանի համար՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հյուսիս-Հարավ պրոյեկտի, Սյունիքի նոր ճանապարհի մասին, որը նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, և հատուկ շեշտեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց Վլադիմիր Վլադիմիրովիչի անձնական ջանքերի շնորհիվ: Նա նշեց նաև, որ նոր տրանսպորտային ճանապարհների հարցը լուծելու համար ՌԴ աջակցությունը ստանալու հույս ունեն:

Հատկանշական է այն, որ Փաշինյանի խոսքով՝ կան ուժեր, որոնք մտածում են, թե Ռուսաստանը չափազանց զբաղված է ուկրաինական թեմատիկայով, և դա կարելի է օգտագործել՝ որպես հարմար պահ իրավիճակի ապակայունացման համար: Սակայն նա նաև ասաց, թե ՌԴ-ն հանդիսանում է առանցքային գործոն մեր տարածաշրջանում անվտանգության համար, կամ գոնե նման ընկալում կա հանրապետությունում, որ ՌԴ-ն գործոն է, դա հաստատվում է այն հարաբերություններով, համաձայնագրերով, որոնք կան ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև: Փաշինյանը շեշտել է, որ պետք է աշխատել, որպեսզի կառավարելի լինեն ՌԴ հետ հարաբերությունների ինտենսիվացման ֆոնին Արևմուտքի կողմից հնարավոր սանկցիաների վտանգները:

Արձանագրենք, որ ՀՀ համար ճգնաժամային արտաքին քաղաքականության և գոյաբանական մարտահրավերների իրավիճակում Փաշինյանի խոսքը հնարավորինս կտրված էր իրականությունից, տարածաշրջանային ու այն իրողություններից, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Այս ելույթը լսելիս կարելի է մտածել, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն փուլն են ապրում, իսկ բոլոր հակամարտություններն ու խնդիրները լուծված են ՌԴ նախագահի անձնական ջանքերի շնորհիվ:

Կարևոր է փաստել, որ ելույթում որևէ խոսք չհնչեց ԼՂ հակամարտության և այդ հարցում ՀՀ մոտեցումների, վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվող, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի», անվտանգային մարտահրավերների, գերիների, ՀՀ-ին պարտադրվող պրոյեկտների մասին, որոնք ներկայումս ՀՀ արտաքին քաղաքականության ամենածանր ու մտահոգիչ թեմաներն են:

Ընդհանուր առմամբ տարօրինակ է այն, որ ցանկացած առիթով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի լիազորություններից խոսող Փաշինյանը որևէ խոսք չասաց խաղաղապահների մասին՝ այն դեպքում, երբ մոտավորապես մեկ ամիս առաջ՝ կառավարության նիստում նա իր ելույթի մի հատվածը նվիրեց այս թեմային՝ ասելով, թե խիստ անհրաժեշտ է դառնում Արցախում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը:

Եթե փորձենք նշվածի վերաբերյալ կատարել մի քանի եզրակացություններ, ապա միանշանակ է, որ եթե ՀՀ-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, ապա ինչու են հակամարտության կարգավորման հիմնական բանակցություններն ընթանում Բրյուսելում, եթե հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման հարցում ՀՀ-ն ակնկալիքներ ունի Մոսկվայից, ապա որն է տրամաբանությունը՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները կազմակերպվում նաև Վիեննայում, և նմանօրինակ մի շարք աշխարհաքաղաքական այլ «ռասկլադներ»:

Ըստ էության, այս ամենը վկայում է այն մասին, որ մեզ՝ որպես պետական միավորի, որևէ աշխարհաքաղաքական կենտրոնում լուրջ չեն վերաբերվում, լուրջ չեն վերաբերվում ո՛չ Նիկոլի քծնանքին, ո՛չ քննադատությանը, հետևաբար՝ ՀՀ դիրքորոշումներին՝ ավելի խոցելի դարձնելով ՀՀ ազգային ու պետական շահը:

Արմեն Հովասափյան