Foto

Վլադիվոստոկի բազե՞, թե՞ գավառական շուլեր

Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը մի միտք արտահայտեց, որի քննադատական վերլուծությունը կարծես սպրդել է փորձագետների ուշադրությունից։ «Երբ աշխարհի ու ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում»,– թեև աղավաղված ռուսերենով, բայց արտասանել է Փաշինյանը։ Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ, առավել ևս ոչ մի սխալ բան չի ասել։ Ավելին՝ դրա մասին գիտեն բոլորը։

Իրականությունն այն է, որ ուկրաինական ճգնաժամը երեկ չի ծագել և մեր տարածաշրջանի անվտանգության վրա, Ռուսաստանի ձեռքերը կապելու իմաստով, ներգործում է շատ վաղուց, դեռ անկախության առաջին տարիներից։ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում «փայլատակել» Արցախի հիմնախնդրի իր «խորը» գիտելիքներով, երբ փորձում է «նախկինների» գրպանը գցել իր քաղաքական ձախողումները, պատերազմը և կապիտուլյացիան։ Նույնիսկ այդքանով հանդերձ, նա չէր կարող չիմանալ և չգնահատել ուկրաինական թնջուկի ազդեցությունը մեր տարածաշրջանում քաղաքական և ռազմական հավասարակշռության վրա։ Այդ դեպքում ինչպե՞ս է բացատրում այդ հավասարակշռությունը փլուզելու իր հետևողական գործողությունները, երբ հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ դադարեցրեց նոր և ժամանակակից սպառազինությունների գնման պլանը, երբ պարծենում էր տավուշյան «բլիցկրիգով», որն ուղղակի ազատեց «կիրթ» Ալիևի ձեռքերը, տարածաշրջան բերեց թուրքական զինտեխնիկան և ռազմական մասնագետներին։

Կասեք, որ նախկինում չգիտեր, չէր պատկերացնում, չէր տիրապետում և հիմա հետհայաց եզրակացություններ է արել։ Վաստահաբար այդպես չէ, նա ոչ մի եզրակացություն չի արել, որովհետև վերջին 4 տարվա պատմությունն ու իրադարձությունների շարքը ոչ թե նրանից անկախ, այլ նրա հստակ գիտակցմամբ և կատարմամբ են եղել։ Վլադիվոստոկում Փաշինյանի ելույթը ցինիզմի անհաղթահարելի գագաթ է, որովհետև նա աշխարհի մեծամեծների առաջ խոսում է մի բանի մասին, որն իր ողնուծուծով հայտնի է բոլորին և բոլորը, թեև լռում են այդ մասին, բայց քթի տակ ծիծաղում են Փաշինյանի «համարձակության», իսկ իրականում՝ նրա գավառական շուլերության վրա։

Աշխարհում բոլորը, Հայաստանում նույնիսկ տաքսու վարորդներն ու վարսավիրները, Ադրբեջանում թեկուզ միայն Ալիևը հասկացել էին, որ Արցախի հարցի ռազմական լուծման համար առավել նպաստավոր պահ լինել չի կարող, քան ուկրաինական խնդիրը, որն ամուր կապելու էր Ռուսաստանի ձեռքերը և միակ բանը, որ Ռուսաստանը կարող էր անել՝ իր և Հայաստանի համար ինչ–որ անբարենպաստ բնագծում պատերազմը կանգնեցնելն էր, որից հոկտեմբերի 19–ին այդպես էլ չօգտվեց «Վլադիվոստոկի բազեն»։

Այո, դրա մասին աշխարհում գիտեն բոլորը, բայց այսօր թեթևացած շունչ են քաշում, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար պատերազմի առիթը և միջազգային հանրության անճարության պատճառը ոչ այլ ինչէ, քան կորոնավիրուսի խնդիրը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է Փաշինյանն իրեն համոզում այդ նախադասությունն արտասանել, երբ նույն կորոնավիրուսի համավարակի օրերին առաջարկում էր պինցետով ու տնական արաղով արմատախիլ անել այն, երբ մի օր դիմակը հայտարարում էր անօգուտ, իսկ հաջորդ օրը քաղաքացիներին տուգանում էր դիմակ չկրելու համար ։

Հիմա, երբ մեր տարածաշրջանում նոր ստատուս քվո է հաստատվում նույն ուկրաինական հակամարտության ֆոնին, երբ աշխարհը մոռացել է Արցախի ու հայության տեղը, որովհետև օրակարգում անհամեմատ լուրջ մարտահրավերներ են, Փաշինյանն իր գործողությունները լեգիտիմացնելու նոր գործոն է առաջադրում։ Այդքանով Փաշինյանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ իր «միամիտ շուստրիության» քաղաքական գիծը կարող է բոլորին ազատել մեծ գլխացավանքից և դրանում իրենց միակ հուսալի գործընկերն ինքն է և իր իշխանությունը։

Գուցե Փաշինյանը հիմա ճիշտ է հաշվարկում, բայց մոռանում է, որ նույնիսկ ուկրաինական հակամարտությունն է լուծվելու, մի օր աշխարհն օրացույցի թերթերը ետ է շրջելու և կարող է հասկանալ, որ եթե 2020–ին Փաշինյանը Թուրքիային չբերեր Անդրկովկաս, 2022–ին բոլորովին այլ իրավիճակ կարող էր լինել Ուկրաինայի շուրջը։

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան