Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին օրենքի նախագիծը։
Նա ասաց, թե ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հեկտար, պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի շուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան։
«Մեքենա գնելուց հետո տեղում պետք է հաշվառում իրականացնել, պետհամարանիշերը ստանալ», - ասաց Սանոսյանը։
Նախարարն ասաց, թե նախագիծը բավական երկար են քննարկել. այն համապատասխանում է տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ նշեց, թե որոշման ընդունումը կօգնի ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի-փոքր թեթևացնել։









