Ինչպես հայտնի
է՝ օրերս՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում Արարատ Միրզոյանը,
ով հանդիպել էր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ սպասվում
է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Նշենք նաև, որ ինչպես փոխանցում է մեր ԱԳՆ-ն,
հանդիպման ընթացքում Միրզոյանը և Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական
ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը
վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեսական և գիտամշակութային ոլորտներում
համագործակցությանը։
Հաղորդագրության
մեջ նշվում է նաև, որ «զրուցակիցները քննարկել
են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ, մտքեր են
փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի,
տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների
վերաբերյալ, ինչպես նաև հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների
կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի»։
Ընդգծենք, որ
կողմերը կարևորել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության
գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ
բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։
Ի դեպ փաստենք
նաև, որ ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը բովանդակային տեսանկյունից համահունչ է ՀՀ ԱԳՆ տարածած
հաղորդագրության հետ: Այստեղ հարկ է հիշեցնել նաև, որ Նիկոլ Փաշինյանը եռօրյա պաշտոնական
այցով ՌԴ-ում է՝ Վլադիվոստոկում, որտեղ «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան
տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակում կհանդիպի Վլադիմիր Պուտինի
հետ:
Ընդհանուր զարգացումների
հետ կապված փաստենք. ուշագրավն այն է, որ հայ-ռուսական շփումներն ակտիվանում են Սուրեն
Պապիկյանի ԱՄՆ այցի ու ԵՄ-ից ՀՀ-ին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավերի
ֆոնին, որոնք հայաստանյան քաղաքական ու մեդիափորձագիտական դաշտում կրկին ակտիվացրել
են ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերանայման թեման: Ըստ էության, այս ամենը լավագույնս
ցուցադրում է նոր ձևավորվող աշխարհակարգի ճանապարհին Հարավային Կովկասի համար մղվող
աշխարհաքաղաքական պայքարը:
Միանշանակ է,
որ սա այն իրավիճակն է, երբ ոչ թե փոքր երկրներն են պայքարում արդեն իսկ ձևավորված
կենտրոններում իրենց տեղը գտնելու համար, այլ այդ կենտրոնները վերաձևավորման ճանապարհին
իրենք են փորձում թելադրել իրենց կանոնները: Ակնհայտ է նաև, որ այս փուլում ոչ՛ մի այց, ո՛չ մի շփում, ո՛չ մի հրավեր պատահական
ու անիմաստ չէ, սա մեծ քաղաքականություն է, կատարվում են շատ զգույշ ու հաշվարկված
քայլեր՝ հրապարակային ու ոչ հրապարակային:
Հավանաբար ոչ ոքի համար այլևս
գաղտնիք չէ, որ Արևմուտքը ցանկանում է հարավկովկասյան տարածաշրջանը լիովին
դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց և դա անում է հնարավոր բոլոր եղանակներով՝
և՛ ֆինանսական ներդրումներով, և՛ բանակցություններում
միջնորդական ջանքերով, ինտենսիվ շփումներով, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ նաև Հայաստանին,
Ադրբեջանին հետաքրքրող խնդիրները բարձրացնելով, ճկունությամբ, որը հատուկ չէ, օրինակ,
ԵՄ-ին: Այս ամենին զուգահեռ Ռուսաստանն այս առումով դեռ կաղում է, փորձում է աշխատել,
սակայն ոչ այնպես ճկուն, որքան այս փուլում Արևմուտքն է անում:
Ի դեպ՝ ընթացիկ
իրադարձությունների ժամանակահատվածն ուշագրավ է և՛ ուկրաինական պատերազմի,
և՛ Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլի տեսանկյունից, բնականաբար,
երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են վերջին փուլում, Հայաստան-Թուրքիա բանակցություններն
ընթանում են, միջնորդները ցանկանում են յուրաքանչյուրն իրենք վայելեն տարածաշրջանում
ստեղծվելիք նոր իրավիճակի դափնիները:
Եթե անդրադառնանք
ՌԴ նախագահի այցին, ապա կարևոր է հետևյալ արձանագրումը․ այցը տեղի կունենա բազմակողմ միջոցառման շրջանակում և կլինի ուկրաինական
պատերազմի ֆոնին ՌԴ նախագահի եզակի այցերից մեկը, դա կծառայի և՛ քարոզչությանը,
և՛ հնարավորություն կլինի քննարկել երկկողմ խնդիրները՝ կարևորություն
տալով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը: Սա շատ առանցքային դրվագ է, քանի
որ ինչպես տեսնում են և դա գիտակցում են նաև բոլոր աշխարհաքաղաքական բևեռները, միանշանակ
է, որ ցանկություն կա՝ փոխելու ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն արևմտյան ուղղությամբ,
և այդ նպատակի համար լուրջ ջանքեր են ներդրվում:
Արմեն Հովասափյան









