Foto

Տնտեսական կոլապսից «հինգ պակաս»

Ինչպես սիրում են ամենօրյա աչքկապոցի անել և հասարակությանը մոլորեցնել հայաստանյան իշխանությունները, Հայաստանի տնտեսությունն այս տարի արտաքուստ բարձր աճ է արձանագրում, բայց այդ աճը նստած է ռումբի վրա, որը կարող է պայթել ցանկացած պահի։

Գաղտնիք չէ, որ տնտեսական աճի հիմնական բաղադրիչն առևտուրն ու ծառայություններն են, որոնք թելադրված են բացառապես արտաքին գործոններով։ Հենց այդ գործոններն էլ արհեստական խթաններ են ստեղծել Հայաստանում առևտրի ու ծառայությունների աճերի համար։ Բայց այդ աճերը ժամանակավոր են և նույնքան արագ կարող են վերանալ ու այդ ժամանակ մեր տնտեսության աճն ուղղակի կփլվի։ Առևտրի ու ծառայությունների հետ հույսեր կապելը, հատկապես, երբ դրանք թելադրված են դրսի գործոններով, պարզապես միամտություն է, քանի որ դրանք ինչպես հայտնվել են, այնպես էլ արագ կարող են անհետանալ։

Միանշանակ հայաստանյան ոլորտի պատասխանատուները փայլուն գիտակցում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո այլևս չեն ստացվելու այն կապիտալ հսկայական հոսքերը, որոնք վերջին ամիսներին մեծ տեմպերով գալիս են Ռուսաստանից։ Դրանք գումարներ են, որոնք տրանսֆերտների տեսքով ստացվում են ոչ մեր քաղաքացիների հաշվին, բայց նպաստում են ՀՀ-ում առևտրի ու ծառայությունների ոլորտների բարձր աճերին։ Այդ գումարների մի մասը մնում է բանկային համակարգում՝ որպես միջնորդավճար, իսկ մի մասը վերածվում է ապրանքի ու վերարտահանվում Ռուսաստան։

Ինչպես հայտնի է՝ ռուսական կապիտալը Հայաստան է գալիս նաև անվտանգության նպատակներով։ Մարդիկ փորձում են այդ ճանապարհով ապահովագրել իրենց խնայողությունները։ Դա է պատճառը, որ ոչ ռեզիդենտների խնայողությունները ՀՀ բանկային համակարգում կտրուկ ավելացել են։ Դրանից բացի առևտրի և ծառայությունների աճերին նպաստել են նաև Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն ու բիզնեսի որոշ տեսակներ։

Հավելենք նաև, որ ռուսական կապիտալի ակտիվ հոսքեր միայն Հայաստանում չեն նկատվում, ու այնպես չէ, որ դա մեր «սիրասուն» իշխանությունների շնորհքն է և իրականացվող քաղաքականության արդյունքը։ Հոսքերը շատ ավելի ակտիվ են հարևան Վրաստան, որտեղ տնտեսական աճի տեմպն էլ ավելի բարձր է։ Ու եթե Հայաստանում այդ աճն արձանագրվում է նախորդ 2 տարիների համախառն անկման, ապա Վրաստանում՝ աճի ֆոնին։ Արտաքին այս և այլ գործոնների շնորհիվ Հայաստանի տնտեսության ցուցանիշներն այս տարի բարելավվել են, բայց դրանք խիստ բևեռացված են։ Նկատելի չէ կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքը։ Դա երևում է տնտեսության իրական հատվածում, որտեղ զարգացումները շատ ցածր են։

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով, երկրորդ եռամսյակում՝ 13 տոկոս. արդյունքում՝ կիսամյակի տնտեսական աճը կազմել է 11 տոկոս, բայց այդ աճի մեջ արդյունաբերության բաժինը շատ ցածր է։ Առաջին եռամսյակում արդյունաբերությունը, ներառյալ՝ էներգետիկան, տնտեսական աճին նպաստել էր՝ ընդամենը 0,38, երկրորդ եռամսյակում՝ 0,58 տոկոսային կետով։

Գյուղատնտեսության վերաբերյալ նույնիսկ խոսելն է անիմաստ։ Ինչպես վերջին 4-5 տարիներին, այնպես էլ այս տարվա առաջին-երկրորդ եռամսյակներում տնտեսության այս առանցքային ճյուղի նպաստումը ՀՆԱ աճին եղել է բացասական՝ առաջին եռամսյակում՝ 0,12, երկրորդում՝ 0,15 տոկոսային կետով։ Սրանք տնտեսության իրական հատվածի այն 2 կարևոր ոլորտներն են, որտեղ զարգացումները կապված են կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության հետ։ Այս ցուցանիշները վկայում են, թե այդ քաղաքականությունն ինչքանով է արդյունավետ եղել և նպաստավոր ազդեցություն թողել մեր տնտեսության զարգացումների ու արձանագրվող այսպիսի բարձր աճերի վրա։

Եթե ամփոփելու լինենք, ապա կստացվի, որ տարվա առաջին կեսին արձանագրված 11 տոկոսանոց տնտեսական աճի գործում արդյունաբերությունն ունեցել է ընդամենը 0,48 տոկոսային կետի մասնակցություն, գյուղատնտեսությունն էլ՝ 0,13 տոկոս բացասական մասնակցություն։ Սա է այն արդյունքը, որը տվել է կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունն արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում։ Այն, ինչ կախված է կառավարությունից, պատկերն ահա այսպիսին է, ու դա լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։

Փորձենք մի փոքր բացել փակագծերը. այսպեստնտեսության երկարատև ու կայուն զարգացումը, որտեղ հավելյալ արդյունք է ստեղծվում, կարող է ապահովել միայն իրական հատվածը։ Առևտրի և ծառայությունների ոլորտներում տեղի ունեցող դրսևորումները, թեև ազդում են աճի ցուցանիշների վրա, բայց դրանք չեն կարող տնտեսության զարգացման համար հիմնարարներ լինել։ Ընդհակառակը՝ բնականոն գործընթացների դեպքում դրանք ուղղակիորեն կախված են լինում տնտեսության իրական հատվածի զարգացումներից ու հասարակության եկամուտների ավելացումից։ Մի բան, ինչը մեր պարագայում տեղի է ունենում այլ գործոնների հետևանքով, այդ իսկ պատճառով բնավ զարմանալի չէ, որ արդյունաբերության ցածր աճի ու գյուղատնտեսության անկման պայմաններում, երբ նվազել է մեր քաղաքացիների վճարունակ պահանջարկը, արձանագրվում է ծառայությունների ու առևտրի բարձր ակտիվություն, ինչն էլ հանգեցրել է ՀՆԱ այսպիսի աճի։ Ավելին, այդ աճի կառուցվածքը ոչ թե պետք է ոգևորի, այլ մտահոգի իշխանություններին։

Արմեն Հովասափյան