Այսօր Կառավարության
հերթական նախագծով ԿԳՄՍ-ի բյուջեից
1 միլիարդ 133 միլիոն դրամ հետ ուղարկվեց կառավարության պահուստային ֆոնդ: Ստացվում
է, որ ՀՀ կրթական, գիտական, մշակութային, սպորտային ոլորտներում այդ գումարն օգտագործելու
կարիք չկա: Նկատենք, որ տարվա ավարտին կա դեռևս 4 ամիս: Այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը
որոշել է այդ գումարի համարժեք ներդրումներ չանել ոլորտում: Սա այն դեպքում, երբ բուհերում
ուսանողների թափուր տեղերը խթանելու մեծ խնդիր կա, մարզերում մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ
նույնիսկ սեյսմիկ անվտանգության խնդիր ունեն, մշակութային մի շարք հաստատություններ՝
թանգարաններ, գրադարաններ հիմնանորոգման իրենց հերթին են սպասում, մարզադպրոցների,
մարզասարքերի խնդիրներն էլ իրենց հերթին և այսպես շարունակ: Թեմայի վերաբերյալ Vesti.am զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ:
-
Պարո՛ն
Մխիթարյան, գումարի հետ վերադարձն ինչի՞ մասին է խոսում: Մի՞թե օբյեկտիվորեն կրթության, գիտության ոլորտում այդ գումարը ծախսելու
կարիք չկա:
-
Պետք է հասկանալ, թե որ գումարները չի ծախսվել, որ հետ է
վերադարձվում, բայց, միաժամանակ պետք է ասել, որ դա անթույլատրելի է հատկապես կրթության
ոլորտում, որն առանցքային նշանակություն ունի
մեր երկրի համար: Պետության կողմից հատկացվող առանց այն էլ աղքատիկ գումարները չծախսելը
կարելի է անվանել անգործություն, հանցագործություն:
-
Գումարները
չօգտագործելը սխալ կառավարման արդյո՞ւնք է:
-
Այո, ֆինասները կառավարելը ևս կարևոր հմտություն է, որը պետք
է ունենան այն մարդիկ, որոնք կարևոր որոշումներ են կայացնում: Ցավոք սրտի, մեզ մոտ
կրթության բնագավառում որոշումներ կայացնողները, կրթության բնագավառում որևէ հետագիծ
չունեն: Դա, իհարկե, նույնպես նվազեցնում է արդյունավետությունը:
-
Կառվարության
նիստում ևս մեկ արձանագրում արվեց՝ կհիմնադրվի ակադեմիական քաղաք, որն ըստ վարչապետի՝
լինելու է Աշտարակում: Ի՞նչ խնդիրների կարող է դա բերել:
-
Խոսքը կարող է լինել շատ հեռավոր ապագային մասին: Վստահ եմ,
եթե նույնիսկ Հայաստանում լինի այդպիսի քաղաք, այս կառավարությունն այդ ժամանակ չի
լինի և պատասխանատվություն չի կրի այդ նախագիծը չիրագործելու համար: Վերջին ընդունելիության
քննությունները ցույց տվեցին, որ բազմաթիվ բուհեր կարող են փակվել կամ միավորվել օպտիմալացման
անվան տակ, և տեղափոխվել Երևանից դուրս՝ ամենայն հավնականությամբ Աշտարակ քաղաք: Չգիտեմ
արդյունավետության տեսակետից ինչքան կլինի, բայց այդո՞ք արժի այդքան ֆինասներ ներդնել
նոր ինչ-որ բան կառուցելու համար, եթե չենք
կարողանում պահել արդեն իսկ գոյություն ունեցողները:
-
Ինքներդ
խոսեցիք հաջորդ իշխանության մասին: Հնարավո՞ր է, որ այդ ժամանակ նաև այսքան թափուր
տեղեր չլինեն և հիմա օպտիմալաման գնալուց հետո հետագայում նույնիսկ մասնաշենքերի խնդիր
լինի: Օրինակ՝ դպրոցներում մի քանի հերթով են դասի գնում, նույնիսկ մայր բուհում նման
խնդիր կա:
-
Սովորողների թիվն էապես կրճատվել է և դա հիմնականում պայմանավորված
է
արտագաղթով և մարզերի սոցիալական իրավիճակով: Մարզերում, սոցիալական պայմաններից
ելնելով, չեն կարողանում իրենց երեխաներին ուղարկել մայրաքաղաք՝ կրթություն ստանալու:
Խորդրդային միության վերջին տարիների հետ համեմատած սովորողների թիվը 2 անգամ կրճատվել
է: Կառավարության առաջին քայլեից մեկը պիտի լինի սովորողների թիվը պատշաճ մակարդակում
պահելը:
-
Այդ 1 մլրդ
133 մլն դրամն ինչպե՞ս կարելի էր ծախսել սովորողների թիվը մեծացնելու կամ այլ անհրաժեշտ և առաջնային խնդիր լուծելու համար:
-
Մեզ մոտ, հատկապես սահմանմերձ և բարձր լեռնային շրջաններում,
ուսուցիչների խնդիր կա: Հայաստանում 100-ից ավելի դպրոցներում կան բարձրագույն կրթություն
ունեցող ուսուցիչների թափուր հաստիքներ: Անհրաժեշտ
է ուղղակի բարձրացնել աշխատավարձը և մարդիկ կգնան ու կաշատեն:









