Գործող իշխանությունների և «Հանրապետություն» կուսակցության միջեւ պաշտոնների նշանակման վերաբերյալ քննարկումներ չեն եղել, չկան և, երեւի թե, չեն էլ լինի։ Այս մասին 24News-ին ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին։
Խաչատրյանը չբացառեց իշխանությունների հետ համագործակցությունը, սակայն նշեց. «Համենայնդեպս, մենք չունենք պաշտոնի առաջարկ, չենք ունեցել, չեղած բաները չենք քննարկում։ Անընդհատ ինչ-որ պաշտոնների նշանակման վերաբերյալ տեղեկություններ են տարածվում, պարոն Սարգսյանի անունն էլ անընդհատ շրջանառվում է»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նույնպես ասաց, որ իշխանությունների հետ որեւէ պաշտոնի նշանակման վերաբերյալ քննարկումներ չեն եղել և չկան։ «Ես բաց բոլորին ասել եմ, որ փոխվարչապետի կամ ներքին գործերի նախարարի պաշտոնների հավակնություն ունեմ, երեւի թերթերն էլ այդ տրամաբանությամբ են գրել», - եզրափակեց նա։









