Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին:
Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը նախարարության կամ բուհի կողմից մերժվում է, եթե բուհը հավատարմագրված չէ, մասնագիտությունը ներառված չէ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում, դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ սովորողը ՀՀ քաղաքացի չէ կամ ունի ուսման վարձի պարտք:
Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում վերհանված խնդիրները եւ դրանց լուծման հրատապությունը:
Ակնկալվում է, որ այս որոշմամբ կապահովվի եկամտային հարկի գումարների վերադարձման բնականոն, ավելի դյուրին ընթացակարգ:









