Լեհաստանի արդարադատության նախարարը քննադատել է Եվրամիությանը՝ վերջինին մեղադրելով ԵՄ-ի ֆոնդերից միլիարդներ «գողանալու մեջ։ Քննադատությունը հնչել է Բրյուսելի եւ Վարշավայի միջեւ ֆինանսավորման հետ կապված դիմակայության սրման համատեքստում, տեղեկացրել է Bloomberg-ը։
Արդարադատության նախարար Զբիգնեւ Զիոբրոն, որը գլխավորում է եվրաթերահավատների կուսակցությունը լեհական ազգայնական կոալիցիայում, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին մեղադրել է լեհական կառավարությանը «խաբելու» մեջ։ Խիստ մեկնաբանությունները հնչել են այն համատեքստում, որ Լեհաստանի կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունն սկսել է ավելի շատ կասկածներ ունենալ, թե միջոցները կվճարվեն։ Եվրահանձնաժողովը ֆինանսավորում տրամադրելու համար պայման է դրել Լեհաստանի դատական համակարգի բարեփոխումները։ Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ լեհական կառավարության ձեռնարկած քայլերն այդ խնդրի լուծման համար բավարար չեն։
«Լեհաստանը թալանում են, եւ այդ թալանի մեջ առաջատար դեր են կատարում գերմանացի քաղաքական գործիչները՝ ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ»,- ասել է Զիոբրոն լրագրողներին։ Գերմանիան նույնականացնելով ԵՄ-ի հետ՝ նա կառավարությանը կոչ է արել չզիջել Բրյուսելի եւ Բեռլինի պահանջների հարցում։









