Վերջին օրերին
Երևանում տեղի ունեցած միջադեպը երկրում ամբողջովին քաոսային իրավիճակ է ստեղծել։
Արդեն երրորդ օրն է, սակայն հստակ պարզաբանում և մեկնաբանություն չի ներկայացվում,
թե որն է եղել պայթյունի պատճառը, ավելին, անգամ չեն ավարտվել որոնողա-փրկարարական
աշխատանքները․ ցավոք ունենք բավականին մեծ թվով զոհեր (այս պահի դրությամբ 16 մարդ):
Նախօրեին ԱԱԾ-ն
հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորել էր ԶԼՄ-ներին և քաղաքացիներին զերծ
մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված
տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց և օգտվել բացառապես պաշտոնական
լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու
համար: ԱԱԾ-ն նաև հայտարարել էր, որ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների
շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգության իրավիճակը հանրապետությունում:
Անշուշտ շատ լավ
է, անգամ կարևոր, որ վերջապես ԱԱԾ-ն ինչ-որ հայտարարությամբ
հանդես եկավ։ Իրականում այդ հայտարարությունը պետք է հնչեր դեռևս շուկայի պայթյունից
մեկ ժամ անց, կամ գոնե օրվա ընթացքում։ Ամեն դեպքում լավ է, որ հայտարարություն, թեկուզ
և ուշացած, հնչեց, բայց ամեն դեպքում, նույնիսկ ԱԱԾ հայտարարությունը նկատի ունենալով,
չենք կարող մի շարք դիտարկումներ չանել, որոնք չափազանց ակնբախ են։
Մոտ մեկ ամիս
է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական
խմբավորումից, Թուրքիայի տարածքից ուղարկված էլեկտրոնային նամակ են ստացել, որը պարունակում
է սպառնալիքներ ՀՀ հասցեին։ Պայթյունի օրը կրկին լուրեր տարածվեցին, որ ռումբի ահազանգեր
են ստացվել և մարդկանց մետրոյի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցուց սկսեցին տարհանել։ Նախորդ շաբաթ լուրեր տարածվեցին առանձին ենթակառուցվածքներում,
կառույցներում ռումբի տեղադրման մասին, որոնք հետո բարեբախտաբար հերքվեցին և ահազանգերը
որակվեցին որպես կեղծ։
Կարևոր է նաև
փաստել, որ օգոստոսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել իր քաղաքացիներին
ուղղված նախազգուշական հայտարարությամբ, որով հորդորել էր խուսափել որոշ վայրեր այցելելուց
և այլն։ Ի դեպ, նկատենք, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը պարբերաբար, սովորաբար
որոշակի արտակարգ սպասվող դեպքերից առաջ, այսպես ասած՝ առաջանցիկ ձևով զգուշավորության
պահպանման բովանդակությամբ հայտարարություններով է հանդես գալիս։ Ի դեպ՝ դեպքի օրը,
նախքան պայթյունը, դարձյալ առաջանցիկ կերպով ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին
ներքին կարգով էլեկտրոնային նամակով ծանուցել է խուսափել գտնվել «Սուրմալու» առևտրի
կենտրոնի տարածքում։
Միանշանակ է,
որ այս տեղեկությունները բավականին շատ հարցեր են առաջացնում, որոնց պետք է պատասխանի
նույն ԱԱԾ-ն, նախքան հորդորելը, թե քաղաքացիները ինչ մտածեն կամ ինչի մասին խոսեն կամ
ինչ չմտածեն ու ինչի մասին չխոսեն։ Ու առաջին հարցն այն է, թե ինչպես են, օրինակ, առնվազն
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում պայթյունից առաջ իմացել, որ պայթյուն է սպասվում և այդ մասին էլեկտրոնային
նամակով նախազգուշացրել իրենց աշխատակիցներին, հստակ նշելով, թե կոնկրետ որ վայրում
չպետք է նրանք լինեն։ Ըստ էության, տրամաբանական
է, որ եթե հրավառության պարագաների պահեստում բնական պայթյունի վարկածը վերցնենք,
որն ամբողջ օրը իշխանական քարոզչամեքենան փորձում էր հանրությանը համոզել, ապա ոչ ոք
չէր կարող նախապես իմանալ ու առաջանցիկ կերպով զգուշացնել «յուրայիններին» սպասվող
տեխնիկական աղետի մասին։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ գործ ունենք լրիվ այլ պատմության
հետ։ Թե ինչ, հիմա դժվար է ասել, բայց նույնիսկ ահաբեկչության վարկածը չպետք է բացառվի,
հատկապես, որ որոշ անուղղակի, այսպես ասած, «հանցանշաններ» ակամա ստիպում են հենց այս
վարկածի շուրջ մտորել։
Նշվածից կարող
ենք եզրակացնել, որ «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունի մեջ կարելի է տեսնել
իսլամիստ ծայրահեղականների ձեռագիրը։ Ի դեպ՝ ընդգծենք, որ սովորաբար իսլամիստ ծայրահեղականներն
իրենց ահաբեկչությունները կատարում են նշանակալի կամ խորհրդանշական օրերի և նշանակալի
կամ խորհրդանշական վայրերում գումարած՝ մարդաշատության ֆակտորը։ Չմոռանանք,
որ կիրակի Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Աստվածամոր Վերափոխման տոնը, որը Աստվածածնին
նվիրված քրիստոնեական ամենամեծ տոներից մեկն էր (ըստ էության, իսլամիստական
«ճաշակով»՝ բավականին սիմվոլիկ օր)։ Այստեղ կարևոր է շեշտել, «Սուրմալուն» կամ թուրքերեն
«Սյուրմելին» գյուղական բնակավայր է Թուրքիայում որը հայերեն կոչվում է «Սուրբ Մարի(ամ)»։
Մի գուցե դավադրապաշտությունն ու սիմվոլիկան շատ են, սակայն փաստերը
վկայում են, որ նշված վարկածը գոյություն ունենալ հնարավոր է։
Արմեն Հովասափյան









