Foto

Ազգային ցինիզմի էժանագին դրսևորումները

Արդեն տևական ժամանակ է՝ Հաշվեքննիչ պալատը չի շտապում հանրայնացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը: Նշենք նաև, որ դեռևս հունիսի 14-ին ԱԺ-ում պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասել էր. «Մենք ենթադրաբար մինչև այս ամսվա վերջ կունենանք հաշվեքննության արդյունքները»: Ի դեպ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստում նման հույսեր էր հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը՝ կրկին խոստանալով, որ հունիսին կհրապարակվեն արդյունքները։ Այսօր արդեն օգոստոսի կեսն է, բայց հաշվեքննության արդյունքները չկան:

Ի դեպ՝ պալատի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ հաշվեքննությունն արդեն ավարտական փուլում է, ապա վստահեցրել՝ ձգձգման պրակտիկան արտառոց չէ, քանի որ բազմաթիվ հաշվեքննությունների առաջադրանքներ հաճախ հաշվեքննության ընթացքում փոփոխությունների են ենթարկվում:

Հատկանշական է այն, որ մամուլը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է «Հայաստան» հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված գումարների և, մասնավորապես, կառավարությանը փոխանցված 52 մլրդ 700 մլն դրամի «ոդիսականին». հանրային տարբեր շրջանակներ քանիցս բարձրաձայնել էին կառավարությանը փոխանցած 52 միլիարդ դրամի ծախսագրման խնդրի մասին:

Թեմայի հետ կապված պատկան կառույցները ներկայացրել են մի շարք հստակեցումներ ի դեպ՝ ներկայացված պաշտոնական պարզաբանումները, ըստ որոնց՝ հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով, չէին բավարարել քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների:

Այս առիթով 2021 թ. հոկտեմբերին ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունները հարցի առնչությամբ նախաձեռնել էին նաև քննիչ հանձնաժողովի ստեղծում: Ի դեպ, այս հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցն առկախված է՝ երկու խմբակցությունների բոյկոտով պայմանավորված:

Հավանաբար շատերս ենք հիշում, որ նշված թեման հատկապես լայն արձագանք գտավ Միքայել Մինասյանի տեսանյութից հետո, որտեղ Մինասյանը նշել էր, որ Փաշինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին: Այս դրվագում առանցքային է այն, որ նախկին դեսպանը փաստել էր, որ 9 որոշումներից 7-ի բնօրինակները անհետացել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:

Այս առիթով 2021-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, ապա պնդել. «Հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, և աուդիտը, եթե չի արձանագրել կամ հրապարակել, դա կհրապարակի քննիչ հանձնաժողովը, որևէ այլ հանձնաժողով: Աշխարհում չկա որևէ այլ հանձնաժողով, որ բացի իմ ասածից՝ կարողանա արձանագրել որևէ այլ բան, որովհետև որևէ այլ բան տեղի չի ունեցել և տեղի ունենալ չէր կարող պարզապես»։

Նշված մեջբերումը հերթական անգամ վերահաստատում է, թե ինչ աստիճանի ցինիկ ու  ինքնահավան են օրվա իշխանությունները։ Փաստերը վկայում են այն մասին, որ նրանք կարող ենք պատերազմի օրերին Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից հանգանակած և հայրենիք ուղարկած միջոցները մսխել անհասկանալի ու կասկածելի ձևով, այնուհետև հանրությանը ներկայացնել, մի անորոշ թեզ, թե այն ծախսվել է ռազմական նպատակներով, ինչի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ մինչ օրս հայտնի չէ։ Կանցնի ժամանակ և Նիկոլը գուցե և հիշի, թե ինչպես էր ռուպրը ձեռքին վազում ավտոտնակների տանիքներով՝ գոռգոռալով՝ երկրում գոյություն ունեցող անհավասարության և կաշառակերության մասին, կհիշի, հավանաբար նաև կմեղանչի, բայց գնացքն արդեն վաղուց մեկնած կլինի։

Հգ Ի դեպ՝ ցինիզմի հերթական դրսևորման մասին նախօրեին՝ վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը գնացել էր «Սուրմալու» առևտրի կենտրոն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, իսկ դեպքի վայր էր նա եկել առանց պետհամարանիշի «Լեքսուս»-ով։

Արմեն Հովասափյան