Foto

Կոռուպցիոն սխեմաների փնթի գործելաոճը

Առաջին հայացքից գուցե մառազմատիկ ու աբսուրդային թվա, բայց այն, ինչի համար ժամանակին նախկիններին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա առանց աչք թարթելու ինքն ու իր կառավարությունն իրականացնում են շատ փայլուն ձևով։ Խոսքը պետության ֆինանսական միջոցների իրացման մասին է. պետական գնումների շրջանակներում պետության փողերն ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են։

Վերջին մի քանի տարիներին մենք ականատես ենք լինում, թե ինչպես են իշխանությունները կարողանում հրատապ գնումների շրջանակներում մեկ անձի միջոցով իրենց ցանկալի գնորդից միլիարդավոր դրամի գնումներ կատարել՝ ճանապարհ հիմնելու կամ վերանորոգելու համար, իսկ հետո մի քանի ամիս անց պարզվի, որ այդ ճանապարհից ոչինչ չի մնացել։ Ու կառավարությունը որոշի ևս մի քանի միլիարդ հատկացնել՝ նորը կառուցելու կամ եղածը վերականգնելու համար։ Սա պետության միջոցները նույնիսկ ոչ թե անարդյունավետ օգտագործելու, այլ վատնելու ակնհայտ օրինակ է, որի մեղավորները պիտի պատասխան տան, բայց, ինչպես տեսնում ենք, նման բաներին ուշադրություն դարձնող չկա։

Ժամանակին նախկիններին մեղադրում էին, որ պետական գնումների համար հայտարարվող մրցույթներում հաղթում են յուրայինները։ Հիմա, երբ իրենց մարդիկ են հաղթում, համարում են, որ այդպես էլ պիտի լիներ, որ դրանում արտառոց ու անօրինական ոչինչ չկա։ Իսկ իրենց սպասարկող ծախու իրավապաշտպաններն այդ երևույթը համարում են ոչ թե կոռուպցիա, այլ այլանդակություն։ Միանշանակ է, որ բոլորն էլ կարող են մասնակցել պետական գնումների մրցույթներին ու հաղթել։ Նախկինում էլ կարող էին մասնակցել ու հաղթել, հատկապես որ, այդ ամենը կատարվում էր գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։ Բայց դա չէր խանգարում, որ մեղադրանքներ հնչեցնեին՝ գնումների համակարգում առկա հովանավորչության, կոռուպցիայի ու այլ կարգի չարաշահումների վերաբերյալ։ Ստացվում է, որ այն, ինչ նախկինում կարող էին գաղտնի անել, հիմա շատ ավելի բացահայտ են անում ու առանց քաշվելու։

Այս իշխանության օրոք ականատես եղանք, թե ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող ընկերությունը կարող է միլիարդավոր դրամների գնման պայմանագրեր կնքել, ակնհայտորեն ընդլայնել իր մասնակցությունը գնման գործընթացներին՝ պետական բարձր պաշտոնում հայտնվելուց հետո, ու դա կառավարության այսօրվա ղեկավարին այլևս չանհանգստացնի։ Այնպես, ինչպես «անհանգստացնում» էր, երբ ընդդիմություն էր, և դա՝ այն պարագայում, որ սա բոլորովին էլ եզակի օրինակ չէ։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ ընկերություններ այս ընթացքում կարողացել են պետությունից բավական մեծ գումարների գնումներ փախցնել, բայց հիմա այդպիսի երևույթների մեջ այլևս «չարաշահումներ» չկան։ Օրը ցերեկով մասսայական մեկ անձից գնումներ են կատարում, որոնց կոռուպցիոն ռիսկի հավանականությունը 100 տոկոսին մոտ է, հազար ու մի պատճառաբանություններ են բերում արդարացնելու համար։ Չեն ասում, որ մեկ անձից գնումներ կատարելու հիմնական մեղավորությունը կառավարությանն է, որ ճիշտ չի գնահատում գնման պահանջը։

Որպես կանոն՝ ժամանակին չեն կարողանում մրցույթ հայտարարել ու մրցույթի միջոցով որոշել հաղթողին, ստիպված գնում, մեկ անձից են գնում կատարում։ Այդ մեկ անձն էլ սովորաբար լինում է նա, ում իշխանությունները ցանկանում են։ Մրցույթ ասվածն այս պարագայում ամբողջությամբ և բացարձակ ձևական է։ Հարցումների միջոցով ընդամենը գին են ճշտում, բայց դժվար չէ նվազագույն գին ստանալ նրանից ու հաղթող ճանաչել, ում հետ ուզում են կնքել գնման պայմանագիրը։

Ըստ էության, հենց սա է, թերևս, հիմնական պատճառը, որ մեկ անձից կատարվող գնումների կոռուպցիոն ռիսկերը համարվում են շատ բարձր։ Կոռուպցիոն պայմանավորվածությունների ու համաձայնությունների հավանականությունն այսպիսի գնումների դեպքում մեկից մեկ է։ Եվ որքան էլ տարօրինակ է, վերջին տարիներին չնայած մեկ անձից բավական մեծ ծավալի գնումներ են կատարել, պատկան մարմինները մինչև հիմա կոռուպցիոն որևէ բացահայտում կամ չարաշահում չեն գտել։ Այնպես չէ, որ այդպիսի երևույթներ չեն եղել, կարող ենք եզրակացնել, որ ուղղակի նպատակահարմար չեն գտել բացահայտել։

Ընդգծենք, որ մեկ անձից կատարվող գնումները սահմանափակելու համար ժամանակին թույլտվության բարձր նշաձողն էին դրել։ Սակայն, միևնույն է, դա չի խանգարում, որպեսզի այսօր բազմաթիվ գնումներ կատարվեն գնման հենց այդ ձևի միջոցով։ Նախկինում էլ քիչ չէին մեկ անձից գնումները, բայց իշխանազավթումից հետո դրանց շրջանակն էապես ընդլայնվեց։ Երբեմն կառավարությունը թույլ է տալիս մեկ անձից միլիարդավոր դրամի գնումներ կատարել՝ մեկ գնման պայմանագրով, ու դա պայմանավորում է ժամանակի սղությամբ։ Ժամանակի սղություն ասվածը՝ հաճախ կապված է այն բանի հետ, որ մրցութային գործընթացները պատշաճ չեն նախապատրաստվում ու կազմակերպվում, ինչի պատճառով էլ դրանք մասնակիցներ կամ հաղթողներ պարզապես չեն ունենում։ Նման դեպքերում ստիպված են լինում նոր մրցույթ հայտարարել, որը կարող է ձգվել ևս 2-3 ամիս, կամ գնալ մեկ անձից գնում կատարելու ճանապարհով։

Տեղի ունեցող այս ողջ շիլաշփոթը ինչ-որ տեղ հասկանալ կարելի էր, երբ սրանք նոր էին իշխանության եկել ու պետական կառավարման համակարգից պարզապես անտեղյակ էին, սակայն, ինչպես տեսնում ենք, մինչև հիմա էլ շարունակում են նույն արատավոր պրակտիկան, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ։

Փաստն այն է, որ չեն կարողանում ճիշտ գնահատել գնման պահանջը՝ ուշացնում են նախատեսվող աշխատանքները։ Շատ հաճախ հենց այդ պատճառով են վերջին տարիներին թերակատարվել պետբյուջեով ամրագրված կապիտալ ծախսերը։ Առանձին տարիներին կատարողականն ընդհուպ 35-40 տոկոսով պակաս է եղել։ Դրա հետևանքով նախատեսված ծրագրերը մնացել են թղթի վրա, չեն ստացվել նաև ակնկալվող արդյունքները։

Այս ամենից բացի, առանձին թեմա է, թե նման արատավոր գործողությունների հետևանքով որքան վնասներ են պատճառել պետությանն ու տնտեսությանը, ըստ էության, սա ոչ ոք չի հաշվել, ավելին՝ որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ Միայն վերջերս են կառավարությունում հասկացել, որ բյուջեով նախատեսված ծրագրերի չկատարումը, հատկապես, երբ դրանք վերաբերում են կապիտալ բնույթի ծախսերին, եղել են ի վնաս պետությանը։

Փաստացի չորս տարուց ավելի է, չեն կարողանում բյուջեի կապիտալ ծախսերը ժամանակին կատարել, կարծում են, թե դրա մեղավորը պետական գնումների համակարգն է։ Այս ընթացքում բազմիցս փոփոխություններ են կատարել այդ համակարգում, ընդ որում՝ երբեմն տրամաբանությունից դուրս փոփոխություններ։ Ապիկարության աստիճանը հասել է նրան, որ հիմա էլ որոշել են գնումների նոր հայեցակարգ ներդնել՝ մոռանալով, որ խնդիրը ոչ թե հայեցակարգի, այլ իրենց թափթփված աշխատանքի մեջ է։

Արմեն Հովասափյան