Foto

«Ադրբեջանցին 50 մետր հեռավորության վրա է, ու այդ հատվածում պետք է հայ գնա ապրի՞, ինչպե՞ս կարող են ապրել». Աղանուսի համայնքապետ

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ պատերազմի օրերին Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցման պայմաններում այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից։

«Ես դեմ եմ տները վառելուն: Արդեն մի անգամ Չարեքթարը վառել են, թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և այսօր 100 միլիոնավոր դրամներ ենք ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից՝ մինչև 2020 թվական: Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր այդտեղ հանգիստ կարող էինք բնակեցում անել, բայց այսօր այնտեղ միայն պատեր են վառված ու ավերակներ: Եթե բնակֆոնդը պահպանված լիներ, ապա այդ միջանցքն այսօր հանգիստ կարող էինք բնակեցնել: Ներկայում այնտեղ միայն վառված պատեր են ու ավերակներ»,- ասել է Հայկ Խանումյանը՝ նշելով, որ Աղավնոն շատ մոտ է գտնվում Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղով նախատեսված միջանցքին, և հայտնի չէ, թե մեկուկես-երկու տարի հետո ինչպես կփոխվի իրավիճակը:

«Չէի ցանկանա, որ ամեն ինչ մեր օգտին ընթանալու դեպքում, Աղավնո վերադառնալուց հետո, նույն կերպ այրված ու սևացած պատեր տեսնեինք։ Հետևաբար, կտրուկ դեմ եմ որևէ բան այրելուն, թալանելուն, քանդելուն»,- ասել էր Հայկ Խանումյանը։ 168.am-ը Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհը կառուցելու դեպքում, նպատակ ունե՞ն վերադառնալու գյուղ, և պատերազմից հետո ի՞նչ վիճակում են թողել գյուղը։