Քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատաքննության (այլ ոչ թե նախաքննության) փուլում գտնվող գործերով դատարանին իսկապես հնարավորություն տալիս է, ի հեճուկս դատախազի դիրքորոշման, կիրառել կալանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա նաեւ հավելել է.
«ԲԱՅՑ
Ակնհայտ է, որ դատարանն այդպիսի որոշում կարող է կայացնել միայն ու միմիայն բացառիկ հանգամանքների պարագայում, և այդ հանգամանքները պետք է հստակ ներկայացվեն թե՛ կողմերին և թե՛ հանրությանը։
Ի՞նչ տեղի ունեցավ րոպեներ առաջ Կենտրոնի դատարանի չարաբաստիկ 3-րդ դահլիճում։
Դատախազը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ բավարար է գրավի կիրառումը, իսկ դատարանն անսպասելիորեն որոշեց կիրառել կալանք։ Ընդ որում, բացի ընդհանրական ձևակերպումներից՝ որևէ ավել բան ես չլսեցի։ Հետևաբար՝ դատարանի այդ որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել։
Հուսով եմ՝ Տիգրան Սիմոնյանից ազատված վերաքննիչ դատարանը հստակ դիրքորոշում կարտահայտի, որ նման բան հնարավոր է միմիայն փաստերով (այլ ոչ թե ենթադրություններով) հստակորեն հիմնավորված բացառիկ դեպքերում, կարձանագրի, որ այդ չափորոշիչը Չալաբյանի պարագայում ապահովված չէ, և կվճռի վերականգնել նրա ազատությունը։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր դատարանը երեք ամսով կալանավորման որոշում կայացրել Ավետիք Չալաբյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»: