Foto

ՀՀ իշխանության հակահայկականությունն ու ՄԽ փակված էջը

Ինչպես հայտնի է՝ օրերս, ուղիղ երկու ամիս դադարից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, ինչը մի շարք եզրահանգումներ անելու առիթ է հանդիսանում։

Հարցազրույցին հաջորդած ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:

«Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող՝ աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին»,- ասված է հաղորդագրությունում: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։

Ըստ այդմ՝ պետքարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին և նշել, որ Միացյալ Նահանգները 1994թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն: Նա նաև ողջունել է Փաշինյանին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված դրական թափի և կոնկրետ պայմանավորվածությունների համար:

Հատկանշական է այն, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի հաղորդագրությունը նույնական էր, մեկ տարբերությամբ՝ պետքարտուղարը, ըստ ամերիկյան կողմի պաշտոնական հաղորդագրության, Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»: Ահա հենց այս հեռախոսազրույցներից հետո երեկ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն:

Հավելենք, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներում անընդհատ շեշտում են, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձևաչափերով։ Ի դեպ՝ չի բացառվում, որ Բլինքենի հեռախոսազանգերն ու Փաշինյան-Ալիև հանդիպումը միմյանց հետ կապ ունեն, և ամերիկյան կողմը նպաստել է, որպեսզի կողմերի միջև բարձրաստիճան հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի:

Կարևոր է ընդգծել, որ պետքարտուղարի հեռախոսազանգերի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած հաղորդագրություններն ուշագրավ դիվանագիտական նյուանսներ են պարունակում: Նախ ակնհայտ է դառնում, որ Միացյալ Նահանգները հայտ է ներկայացնում մասնակցել տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացին, որը տեղի է ունենում Ռուսաստանի միջնորդությամբ, և այդ ուղղությամբ արդեն պայմանավորվածություններ կան: Փաստացի, ամերիկյան կողմը չի թաքցնում, որ աջակցում է ԵՄ միջնորդությամբ գործընթացին, որում առաջնահերթությունը տրված է հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությանը՝ առանց այլ միջնորդների: Տվյալ դեպքում, բնականաբար, խոսքը ՌԴ մասին է: Ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել կողմերի միջև խաղաղության հաստատմանը ոչ թե ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում, որպես համանախագահ երկիր, այլ որպես առանձին միջնորդ՝ երկկողմանի տարբերակով:

Ըստ էության, նման քայլով ամերիկյան կողմը հաստատում է, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը գոնե այս փուլում անհնար է, ԱՄՆ-ը պատրաստ չէ և չի ցանկանում աշխատել ՌԴ հետ: Ավելին, դրանից բացի Պետքարտուղարությունն ընդգծում է նաև, որ պատրաստ է աշխատել համախոհ գործընկերների հետ: Գաղտնիք չէ, որ ներկայումս Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որևէ ռեգիոնում համախոհներ չեն: Այսինքն՝ ԱՄՆ-ն ընդգծում է, որ չի աշխատելու ՌԴ հետ կարգավորման գործընթացում:

Այստեղ անենք մի առանցքային արձանագրում. Պետքարտուղարության  հաղորդագրություններն ու հղած մեսիջները ևս մեկ անգամ ապացուցում են,  որ ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը գոնե ներկայումս փակ է ԱՄՆ-ի համար, հետևաբար՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի համար ևս։

Արմեն Հովասափյան