Թեև մեր տնտեսության արտահանելի հատվածի գործերը վերջին ամիսներին այնքան էլ լավ չեն՝ կապված դրամի ամրապնդման հետ, այնուհանդերձ, ինչքան էլ տարօրինակ թվա, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է արտահանման տեմպի բավական բարձր աճ։
Հինգ ամսվա տվյալներով, արտահանումն ավելացել է 27,5 տոկոսով։ Սա իշխանությանը հպարտանալու լավ առիթ է տվել։ Իսկ թե ի՞նչ կա թաքնված դրա տակ, ոչ մեկը չի ուզում խոսել։
Տարօրինակ է նաև այն, որ արտահանումն աճել է Վերին Լարսում ստեղծված լուրջ դժվարությունների պայմաններում։ Բեռնափոխադրողները շաբաթներով հերթերի մեջ են մնում և չեն կարողանում ժամանակին իրականացնել մատակարարումները։ Թվում է, թե դրանից արտահանումը պետք է մեծապես տուժեր, բայց, ինչպես տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ, առաջընթաց տեմպերով ավելացել է։
Դա տեղի է ունեցել նաև տնտեսության արտահանելի հատվածի ամենակարևոր ոլորտում արտադրության ծավալների չնչին աճի պայմաններում։ Խոսքն արդյունաբերության մասին է։ Այն ժամանակ, երբ արտահանումը մեր երկրից ավելացել է 25,7 տոկոսով, արդյունաբերության աճը, որը պիտի լիներ ապրանքների հիմնական մատակարարը, կազմել է ընդամենը 2,7 տոկոս։









