Ինչպես հայտնի է նախօրեին Իրանում տեղի ունեցավ աշխարհաքաղաքական
նշանակության հանդիպումներ ու բանակցություններ Իբրահիմ Ռայիսիի, Ռեջեփ Թայիբ Էրդողանի
ու Վլադիմիր Պուտինի միջև: Նշենք, որ Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահը նախ հանդիպել
է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ով Էրդողանի համար հստակ ուղերձներ է հնչեցրել:
Ի թիվս այլ հարցերի՝ Խամենեին ասել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից
Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։
Ի դեպ դրան զուգահեռաբար՝ Էրդողանի հետ զրույցում Խամենեին նաև
գոհունակություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու» կապակցությամբ։
Կողմերը նաև խոսել են սիրիական հարցի շուրջ, անդրադարձել Թուրքիայի՝ Սիրիայում սպասվելիք
ռազմական գործողությանը։
Ըստ էության՝ կարող ենք փաստել, որ Խամենեիի հայտարարությունն
իրանական կողմի պաշտոնական դիրքորոշումն է տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում,
և այդ դիրքորոշումը չնայած նախկինում ևս ընդգծվել է, բայց հատկապես պարբերաբար շեշտադրվում
է 44-օրյա պատերազմից հետո, հաշվի առնելով այն անկայունությունը և այն իրավիճակը, որը
ստեղծվել է մեր տարածաշրջանում: Միանշանակ է, որ Իրանն առաջին հերթին սեփական շահերն
է առաջ մղում, քանի որ ՀՀ-ի հետ սահմանի վերացումը, ամենաբացասական սցենարը, լրջագույն
անվտանգային մարտահրավեր է ԻԻՀ-ի հետ, որովհետև դեպի Հյուսիս Իրանի ելքը զգալիորեն
սահմանափակվում է, մեծապես առաջանում է կախվածություն թյուրքական գործոնից:
Եթե թեման ներկայացնենք ավելի լայն բացվածքով, ապա դեպի Հյուսիս
և Արևմուտք իրանական ելքը զգալիորեն սահմանափակվում է և մնում է միայն Կասպից ծովի
ճանապարհը, որն այդքան էլ զարգացած չէ: Կարող ենք արձանագրել, որ Թուրքիան և Ադրբեջանը
Սյունիքի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու իրավական հիմքեր փորձում են ներկայացնել
նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման
վերաբերյալ դրույթը մեջբերելով, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական
կողմի համար այդ ճանապարհի հնարավորությունը ստանալու ուղեգիծն առանցքային նշանակություն
ունի, և որը միանշանակորեն պաշտպանվում է Թուրքիայի կողմից:
Տվյալ պարագայում խոսքը վերաբերվում է նաև սիրիական հակամարտության՝
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր գործողության համատեքստում է, և այստեղ Խամենեիի
հայտարարությունը ուղղված է ոչ միայն ՀՀ-Իրան սահմանին, այլև տարածաշրջանում սահմանների
փոփոխությանը, որովհետև գաղտնիք չէ, որ Թուրքիան նույնպիսի հավակնություններ ունի Սիրիայի
Հյուսիսում։
Ըստ էության նախօրեին տարածաշրջանային երեք տերությունների մակարդակով
քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, սա, այսպես կոչված, «3+3» ձևաչափն է: Այլ կերպ
ասած՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն իրենց համար ստեղծում են հնարավորություններ նաև
նման հանդիպումներով այս տարածաշրջաններում եղած խնդիրները տարածաշրջանային երկրների
ջանքերով լուծելու համար:
Ինչպես հայտնի է՝ 44-օրյա պատերազմից հետո Հվ Կովկասում դիրքային
փոփոխություններ են եղել, ՌԴ-ին հաջողվեց գերակա դիրքավորում արձանագրել՝ ինչպես Արցախյան
կարգավորման, այնպես էլ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում և ընդհանրապես
տարածաշրջանում, դրանից բացի Թուրքիան ևս բարելավեց իր դիրքերը, մինչդեռ Իրանն ինչպես
պատերազմի ընթացքում և պատերազմից հետո իր ունեցած դիրքորոշման պատճառով զիջեց իր դիրքերը:
Այս ընդհանուր ֆոնին Իրանը տարածաշրջանում փորձում է ճիշտ դիրքավորվել և թեմայից դուրս
չմնալ, ինչպես նաև դիրքավորվելու 3+3 ձևաչափի միջոցով:
Անկասկած ՌԴ-ն ու Իրանը որևէ փուլում հնարավորություն կտան Թուրքիային
գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ, որովհետև այս հարցը զգալի
խնդիրներ կառաջացնի Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը գլխավոր անվտանգային
երաշխավորն է նաև Սիրիայում քրդական տարաբնույթ կառույցների համար, իսկ նման աշխարհաքաղաքական
բարդ իրավիճակում նման հնարավորությունը ՆԱՏՕ-ի ներսում հարաբերությունների լարվածության
շատ կարևոր գործոն է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային հակառակորդների համար:
Արմեն Հովասափյան









