Ուկրաինայում տեղի ունեցողի հետեւանքով Ուկրաինան կարող է կորցնել պետական ինքնիշխանության մնացորդները եւ անհետանալ աշխարհի քարտեզից։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքական արկածախնդիրներ մանիպուլացնում են նախկին սահմաններում Ուկրաինայի պետականության վերականգնման թեման՝ ռազմական նոր պատվերների եւ դրամական հոսքերի հույսով, որոնք տրամադրվում են Կիեւի ռեժիմին։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է, հակառակ տրամաբանությանն ու առողջ բանականությանը, մոտենալ Ռուսաստանի սահմաններին՝ համաշխարհային հակամարտության եւ մարդկության զգալի մասի կործանման իրական սպառնալիք ստեղծելով։ Ըստ Մեդվեդեւի, 2014թ. հեղաշրջումից հետո Ուկրաինան կորցրել է պետական անկախությունն ու անցել հավաքական Արեւմուտքի ուղիղ կառավարման տակ, ինչպես նաեւ հավատացել է, թե ՆԱՏՕ-ն կապահովի իր անվտանգությունը։









