Foto

ԳՇ պետ ունենալու այս հնարավորությունն էլ կձախողվի՞, թե՞ արդեն «ղազագիր» կա

Երեկ հայտնի դարձավ, որ Զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետն էր։ Նորանշանակ ԳՇ պետը Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Ազոխ գյուղից է։

Ասրյանը գեներալ-մայորի կոչում ստացել էր 2020թ՝ այս իշխանությունների օրոք։ Մինչ այդ՝ 2018թ-ին, զորամասի հրամանատարի տեղակալ էր, գնդապետ։ Հենց այդ տարում նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հադրութցի գեներալը պատերազմից հետո դժվարացել էր պատասխանել «Հադրութը կարցրե՞լ ենք, թե՞ հանձնել» հարցին՝ ասելով, որ ռազմական և ոչ քաղաքական հանձնաժողովը եզրակացություն կանի, իսկ Հադրութը դեռ վերադարձնելու ենք, ինքն էլ առաջամարտիկներից է լինելու։ Հետաքրքիր է՝ հիմա նույնպե՞ս այդ կարծիքն ունի, թե գալիս է «խաղաղության դարաշրջան» բացելու։ Ի դեպ հանձնաժողովը ստեղծվել էր Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ և մինչ այժմ, որևէ խոսք դրա գործունեության մասին չկա։

Այս նույն պաշտոնյան նախկինում ասում էր, որ Սև լճի հատվածում թշնամու զորքերը շրջափակման մեջ են և, երբ ցանկանանք, կարող ենք գերի վերցնել․ «Նշված զինծառայողները մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունեն։ Եթե հարցին լուծում տանք ռազմական ճանապարհով, ապա այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող՝ մենք կոչնչացնենք բոլորին անխտիր կերպով»։ Այսինքն՝ Հադրութը վերադարձնող գեներալը իր իսկ խոսքով թշնամուն ՀՀ տարածքից դուրս հանելու հնարավորության առկայության պայմաններում ավելի քան 1 տարի հանդուրժում է նրանց ներկայությունը ՀՀ տարածքում։

Ասրյանը նաև ԳՇ այն պաշտոնյաներից էր, որ միացել էր Օնիկ Գասպարյանի հայտարարությանը և գտնում էր․ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Հետաքրքիր է, իրեն ԳՇ պետ նշանակելու որոշումն ադեկվատ համարո՞ւմ է կամ ինչպե՞ս է կատարելու այդ նույն կառավարության որոշումները և ենթարկվելու Սուրեն Պապիկյանի հրամաններին։

Ասրյանի շուրջ ուշագրավ զարգացումներն այսքանով չեն ավարտվում: 2021 թվականին ԱԺ-ում սահմանային լարվածությունը քննարկելու նախաձեռնություն էր եղել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից և քաղաքական իշխանությունը Ասրյանին էր ուղարկել ԱԺ: Այդ ժամանակ Ասրյանը ԱԺ-ում ելույթ էր ունեցել, կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ տվել։ Հետո՝ սեպտեմբերի 27-ին, ՊՆ-ում նրան հայտնել են, թե նա ազատված է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, թող գնա Արցախ, լինի այնտեղի ԳՇ պետ: Արդյունքում մեկ տարի անց նրան կրկին բերեցին և նշանակեցին ՀՀ ՊՆ ԳՇ պետ, ՀՀ ՊՆ նախարարի առաջին տեղակալ:

Ազատման պատճառը միայն ԱԺ ելությը չէր՝ նրան տեսել էին պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ մոտ 10 րոպե զրուցելիս, որի ժամանակ նա Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել, մասնավորապես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Հետաքրքրական է, որ Փաշինյանը անընդհատ ասում է, որ իրեն կամ բանակին դավաճանում են, հավատարիմ չեն։ Հիմա ստացվում է, որ իր հրաժարականը պահնաջած, Սերյան Օհանյանին «պարոն-գեներալ»-ով դիմած, Հադրութը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկություն ունեցող անձին նշանակել է ԳՇ պետ։ Հասկանալի է, որ ԳՇ պետին ՊՆ փոխնախարար դարձնելով, ավելի ենթարկվող է սարքել, բայց գուցե ԳՇ պետ ունենալու այս հնարավորությո՞ւնն  էլ ձախողվի, թե՞ արդեն «ղազագիր» կա և Հադրութը նույնպես «դժբախտ ու դժգույն» է։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան