Foto

Թիվ մեկ մարտահրավերը այս պահին երկրի անվտանգությանը միտված սպառնալիքներն են․ Դանիելյան

Թիվ 1 մարտահրավերը այս պահին Երկրի անվտանգությանը միտված սպառնալիքներն են, մնացյալը սոսկ դատարկ զբաղվածություն և հընթացս «ազգանպաստ» ծրագրերն ապահովելու համար է՝ ոչ ավելին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Կասկած անգամ չունեի, որ Քրիստոսի արձանի գաղափարի ցանկացած դրսևորման դեպքում երաշխավորված էր հերթական պառակտվածությունը և, հատկապես, Եկեղեցուն թիրախավորելը՝ «հետևություններ անելու» մասով: Ցանկացած դիրքորոշում, անգամ՝ լռությունը, ինքնին ծայրահեղ «հրատապ» թեմա էր լինելու: Ինչ խոսք. «լավ» էր մտածված, միայն ափսոս, որ համազգային գաղափարների մշակվածությունը չի առանձնանում նույն ջանասիրությամբ: Մի տրվեք սադրանքների, մի գայթակղվեք հավատքը, Հայ Եկեղեցին փնովելու արհեստական հրապուրանքով, Հայ Եկեղեցին եղել է ու ընդմիշտ կմնա համազգային շահերի առանցքում: Իսկ արկածախնդիր հարթությամբ՝ Հայ Եկեղեցում բոլորովին այլ ծրագրեր հետապնդող բարեփոխումների ակնկալիքներ ունեցողները թող, նախ, իրենք իրենց արմատապես վերանայեն, եթե կա դրա գեթ մեկ չնչին հնարավորությունը և զերծ մնան սիրողական դատողություններից:

Խոնարհումս սթափ մտածող մարդկանց, այդպիսիք իրենց արժանապատիվ կեցվածքով առանձնացան նաև այս դժվարին ժամանակներում:
Հ.Գ. Թիվ 1 մարտահրավերը այս պահին Երկրի անվտանգությանը միտված սպառնալիքներն են, մնացյալը սոսկ դատարկ զբաղվածություն և հընթացս «ազգանպաստ» ծրագրերն ապահովելու համար է՝ ոչ ավելին ....»,- գրել է Դանիելյանը։