Foto

Հայաստանից կառավարվող խումբը 11 երկրի քաղաքացիներից մի քանի հարյուր միլիոն դրամ է հափշտակել․ «Հետք»

Հայաստանում բացահայտվել է ֆինանսական խարդախություններ անող հանցավոր խումբ, որի անդամները թիրախավորել են մի շարք երկրների քաղաքացիների: Տիրանալով տուժողների բանկային քարտերին տվյալներին՝ խմբի անդամները հանել են քարտերի գումարները, ձևակերպել վարկեր: «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, տուժողները հիմնականում Նիդերլանդների, Իռլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Նրանց պատճառվել է մոտ 411 մլն դրամի վնաս: Խմբի անդամներից առնվազն մեկը ՀՀ նախկին պաշտոնյա է: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Քննչական կոմիտեն 2026թ. փետրվարի 4-ին հաղորդագրություն էր տարածել խմբի գործունեության մասին, որ հանցավոր կազմակերպության անդամները ստեղծել են բարձր տոկոսով եկամուտ ապահովող ներդրումային կայքեր, հարթակներ, գոյություն չունեցող ընկերությունների կայքեր։ Ապա մարդկանց ուղղորդել են տարբեր չափի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, ինչից հետո տնօրինել են դրանք։ Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները յուրացրել են բազմաթիվ արտասահմանցի տուժողների՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպությունը հափշտակել է առնվազն 410 մլն 853 հազար դրամ:

2025թ. դեկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեն ևս մեկ նմանատիպ հաղորդագրություն էր տարածել՝ անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին:

Նախաքննական մարմինը հայտնել էր, որ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են կեղծանուններով՝ իբրեւ իրավաբաններ, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչներ, ֆինանսական պատասխանատուներ եւ կատարել համակարգչային հափշտակություններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը կալանավորվել է, իսկ մասնակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորված անձը Արշակ Օրդուխանյանն է: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մեղադրվում է 2024թ. նոյեմբերից մինչև 2025թ. հուլիսի 1-ը այլ անձանց հետ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Ա. Օրդուխանյանը հանցավոր կազմակերպության տասնյակ այլ անդամների, ղեկավարների և կազմակերպության անդամ չհանդիսացող այլ անձանց միջոցով, նրանց հետ համատեղ, նույն ժամանակահատվածում իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։