Foto

Հարափոփոխ տարածաշրջանը

Ինչպես հայտնի է՝ օրերս Աշխաբադում կայացած Կասպյան 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մեկնարկին Պուտինը, մասնավորապես, ասել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ վիճակում են։ «Վերջերս մեր ԱԳ նախարարն էր այդտեղ։ Նախապատրաստվում են մեր վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը։ Սակայն ամենակարևորը մեր պլանների իրագործումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թվականի մեր համատեղ՝ ռուս-ադրբեջանական պլանի։ Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության հարցեր, առաջին հերթին՝ կապված Ղարաբաղյան կարգավորման հետ։ Ձեզ հետ այդ մասին խոսել ենք, և հիմա հնարավորություն կլինի ևս մեկ անգամ այդ թեմայի շուրջ խոսելու»,- նշել է նա։ Ընդգծենք, որ իր հերթին Ալիևը ևս համոզմունք էր հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։

Ի դեպ՝ աշխաբադյան հանդիպման հաջորդ օրը Ալիևը կրկին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի և դատապարտել է այն վերականգնելու ջանքերը։ Ալիևի խոսքերով, հիմա, երբ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, վերջ է տվել օկուպացիային, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական և քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա։ «Մենք արդեն հրաժեշտ ենք տվել Մինսկի խմբին, բայց, ցավոք, հայկական կողմը և այլք ցանկանում են վերակենդանացնել այդ խումբը։ Ցանկանում եմ ասել, որ դա անհնարին է։ Այդ խումբն արդեն մեռած է, և մենք որպես օկուպացիայից տուժած երկիր՝ այդ մասին բաց ասում ենք»,- մասնավորապես շեշտել է նա:

Հավելենք, որ Աշխաբադի հանդիպումը Պուտին-Ալիև հերթական հանդիպումն էր Կրեմլում նրանց այս տարվա փետրվարի 22-ի բանակցություններից հետո, որի շրջանակում նրանց դաշնակցային համագործակցության մասին ծավալուն հուշագիր էր ստորագրվել: Այդ հանդիպումը, ի դեպ, տեղի էր ունեցել ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության պաշտոնական ճանաչումից հետո: Ինչպես հայտնի է՝ վերջերս նաև Բաքվում էր Սերգեյ Լավրովը, ով նշել էր, թե ՄԽ հարցը Բաքվում ընդհանրապես չի քննարկվել, և որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։ Լավրովը միաժամանակ պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև։

Ընդհանուր այս զարգացումների ֆոնին հատկանշական է այն, որ այս ամենին զուգահեռ՝ օրերս հայկական կողմն ուշագրավ տեղեկատվություն հայտնեց, որ ադրբեջանական կողմը տապալում է հանդիպումները, որոնք, ըստ էության, բրյուսելյան միջնորդության շրջանակում են: Մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել ՀՀ ԱԳ նախարարության` ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման առաջարկը: Նրանք հանդիպման ընթացքում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեին խաղաղության պայմանագրի և հետագա ընթացքի վերաբերյալ։ «Տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է եղել Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որպեսզի տեղի ունենա այդ գերատեսչությունների ղեկավարների հանդիպում։ Արդեն առնվազն 1 դեպք ունենք, որ Ադրբեջանը բոյկոտել է և չի ներգրավվել աշխատանքներին»,- նշել է Փաշինյանը։

Ըստ էության, ակնհայտ է, որ ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բարդ և ճկուն դիվանագիտական խաղի: Փաստ է նաև այն, որ Ադրբեջանն այդ խաղն իրականացնողներից մեկն է, որն այն կառուցում է իր իրավիճակային շահերի վրա՝ համագործակցելով մե՛կ Բրյուսելի, մե՛կ Մոսկվայի հետ:

Միանշանակ է նաև այն, որ չի  կարելի բացառել, որ Բաքուն սկսի քիչ-քիչ հրաժարվել, այսպես կոչված, բրյուսելյան միջնորդությունից, քանի որ այդ հարթակում բարձրացվում է ԵԱՀԿ ՄԽ վերականգնման թեման, շատ ավելի հազվադեպ՝ ԼՂ կարգավիճակի հարցը, չնայած պետք է նշել, որ ՌԴ նախագահն Ալիևի հետ իր վերջին հանդիպման ժամանակ խոսեց ԼՂ հակամարտության մասին, ինչը դեմ է Ալիևի գաղափարներին: Բանն այն է որ ԼՂ կարգավիճակի հարցը ներկայումս ՌԴ օրակարգում ևս ակտիվորեն չկա, քանի որ ՌԴ-ն ունի ներկայություն Ղարաբաղում, համարում է, որ Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը դա է՝ ռուսական անվտանգային պատասխանատվության գոտի, ինչ-որ տեղ ակներև է նաև, որ Ռուսաստանը առանձնապես հետաքրքրված չէ ԵԱՀԿ ՄԽ վերականգնմամբ: Գուցե այնպես ստացվի, որ այս փուլում Բաքուն ավելի շատ շահեր գտնի Մոսկվայի հետ, դա նաև հարկավոր է Բաքվին Թուրքիայի հետ հարաբերությունների բալանսավորման իմիտացիայի համար:

Մի կարևոր արձանագրում. ոչ մի կերպ չպետք է մոռանալ, որ ՌԴ-ն մնում է խաղացող Հարավային Կովկասում, իսկ Շառլ Միշելի միջնորդությունը հնարավոր դարձավ, երբ դեռ ուկրաինական պատերազմն ավելի անորոշ փուլում էր: Տարածաշրջանում այսօր շատ բան է կախված Ռուսաստանից, և պատկերացնել, որ Միշելը հաստատվելու էր և միայնակ առաջ էր մղելու կարգավորման գործընթացը, իհարկե, անակնկալ զարգացում կլիներ։

Արմեն Հովասափյան