Foto

Հերթական մառազմատիկ կրկեսը

Ինչպես հայտնի է հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր մոտ էր հրավիրել Հանրային հեռուստաընկերության մի լրագրողի, ով ընթերցեց նախապես իրեն հղված հարցերը և ուշիմ դեմքով լսում էր, թե նախկին լրագրողն ինչպես է պատասխանում։ Այս մառազմատիկ կրկեսը վարչապետի աշխատակազմը որակել է՝ որպես «ասուլիս», իսկ զանազան արարածներ՝ դրան մասնակցելուց հրաժարվելու հինգ տասնյակից ավելի լրատվամիջոցների քայլը՝ որպես «ժողովրդավարության դեմ ուղղված» գործողություն։

Այլ բնորոշմամբ՝ նման թատերական ներկայացման ողջ իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի ցանկանում պատասխանել իրեն ոչ հաճելի, իր գրասենյակի կողմից չգրաքննված հարցերին, որոնք իրականում ոչ միայն հետաքրքրում ու հուզում են հանրությանը, այլև ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն։ Արձանագրենք որ այդպես է վարվում մի մարդ, ով իր կարիերայում հաջողության է հասել, այդ թվում՝ զանազան ասուլիսներում, հարթակներում էպատաժային հարցեր տալու շնորհիվ համաձայնեք, սա ավելի ողբերգական է դարձնում թատրոնը։

Տվյալ իրավիճակում Փաշինյանի անցյալը, մեծ հաշվով, երկրորդական է։ Ավելի կարևոր է այն, թե ինչո՞ւ է նա խուսափում պատասխանել իրեն ոչ հաճելի, նախապես չպատրաստված հարցերի։ Այս հարցը կարող է ունենալ երկու հիմնական պատասխան։ Կա՛մ Նիկոլը չի տիրապետում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, իրավիճակին և մտավախություն ունի, որ ուղղակի չի կարող պատասխանել հարցերի, որոնց նախապես չի պատրաստվել, կա՛մ էլ գիտակցում է, որ ցանկացած ոչ չգրաքննված հարցի ցանկացած պատասխան աշխատելու է իր դեմ։

Ստացվում է, որ կա՛մ Փաշինյանն ուղղակի կոմպետենտ չէ և խուսափում է կամայական հարցերից, կա՛մ փայլուն գիտակցում է իր իրականացրած գործողությունների խայտառակ հակապետական բնույթն ու չի ցանկանում կատարել հայտարարություններ, որոնք կարող են օգտագործվել իր իսկ դեմ։ Ի դեպ՝ այս տարբերակները, ի դեպ, կարող են տեղին լինել միաժամանակ, այսինքն՝ շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը և՛ կոմպետենտ չէ, և՛ կատարել ու կատարելու է այնպիսի քայլեր, որոնց մասին բարձրաձայնումը կարող է օգտագործվել իր դեմ։

Չանդրադառնալով «ասուլիս» կոչված ներկայացման մանրամասներին և զավեշտին՝ ուղղակի ընդգծեն, որ իր մոնոլոգի ողջ ընթացքում նա, ըստ էության, խոսեց ամեն ինչի մասին, բացի ճշմարտությունից։ Ասվածից տրամաբանորեն կարող են եզրահանգել, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անամոթաբար ստեց, կամ, որ նույնն է՝ չխոսեց ճշմարտության մասին։ Հավելենք նաև, որպեսզի սուտը ճշմարտանման ներկայացվի, նրան «ուղղվել» էին տասնյակ հարցեր՝ զանազան պսևդոլրատվամիջոցներից, տարատեսակ բլոգերներից ու հասարակական կազմակերպություններից, սակայն այն ինչին ականատես եղանք դուրս էր բանականության սահմաններից։

Արմեն Հովասափյան