Foto

Փոխադարձ անվստահության անմիջական հետևանքները

Դրամի արժևորումը թիրախավորել է Կենտրոնական բանկին։ Զավեշտն այն է, որ նախկինում ԿԲ-ին մեղադրում էին՝ դրամի արժեզրկման, իսկ հիմա արդեն՝ արժևորման համար։ Ինչպես հայտնի է ԿԲ-ին թիրախավորում են ինչպես կառավարության անդամները, այնպես էլ՝ տնտեսության որոշ ոլորտների ներկայացուցիչները։ Նրանց կարծիքով, թույլ տալով դրամի արժևորում, ԿԲ-ն հարվածում է տնտեսության արտահանելի հատվածին, ուստի առաջարկում են արհեստականորեն արժեզրկել դրամը։ Այլ կերպ, ներքաշել շուկայում առկա հավելյալ տարադրամը և ավելացնել դրամի զանգվածը։

Ասվածին հավելենք, որ Կենտրոնական բանկը հակված չէ գնալ դրան, որովհետև այդ դեպքում էլ բախվելու է գնաճի հետ։ Ինչպես հայտնի է՝ դրամի թուլացումն ակտիվացնելու է գնաճը, և սա այն դեպքում, երբ գնաճի գործում մեծ է արտաքին միջավայրի ազդեցությունը։ Գնաճի դեմ պայքարելու համար ԿԲ-ն ունի երկու հիմնական գործիք. մեկը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, մյուսը՝ փոխարժեքը։ Այս երկու գործիքները տարբեր ուղղվածություն ունեն գնաճի զսպման գործում։

Կարևոր մի արձանագրում. վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը գնաճի վրա ազդում է՝ սահմանափակելով ներքին տնտեսության մեջ մտնող փողի քանակը։ Երբ ԿԲ-ն բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ վերջինիս մեղադրում են այն բանի համար, որ դրսից թելադրված գնաճային ճնշումների պարագայում այդ գործիքի արդյունավետությունը ցածր է։ Փոխարենը՝ այն ավելի շատ վնասում է տնտեսությանը։ Սրանում, իհարկե, ճշմարտություն կա։ Դրսից թելադրվող գնաճի զսպման գործում շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ փոխարժեքը։ Այս պարագայում կարևոր է դրամի ամրապնդումը։ Ներկա իրավիճակում ԿԲ-ին մեղադրում են նրա համար, որ դրամի ամրապնդմամբ՝ խնդիրներ է ստեղծում տնտեսության արտահանելի հատվածի համար։

Այսօր, փաստացի, ԿԲ-ն հայտնվել է երկու քարի արանքում. վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում՝ մեղադրում են տնտեսության մեջ փողի շրջանառությունը զսպելու համար, թողնում է, որ ազգային արժույթը թանկանա՝ մեղադրում են արտահանմանը խոչընդոտելու համար։ Ստացվում է, որ երկու դեպքում էլ ԿԲ-ն խնդիրներ է ստեղծում տնտեսության համար։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը խնդիրների հավասարակշռումն է, ինչն այնքան էլ չի ստացվում։ Դրա պատճառը ԿԲ-ի ու կառավարության միջև համակարգված գործողությունների բացակայությունն է։ Բանն այն է, որ յուրաքանչյուրը փորձում է վերմակը իր կողմ քաշել։ Ըստ այդմ՝ ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ տուժում է թե՛ տնտեսությունը, և թե՛ գնաճի դեմ պայքարը։

Անկասկած վնասներ բոլոր դեպքերում լինելու են, բայց համակարգված գործողությունների պարագայում հնարավոր է դրանք հասցնել նվազագույնի։ Դրա համար հարկավոր է, որպեսզի ամեն մեկը պատշաճ կատարի իր պարտավորությունները։ Երբ մեկը թերանում է, մյուսը ստիպված է լինում ավելի խիստ միջոցներ ձեռնարկել։

Տվյալ պահին կառավարությունը չի ուզում անհրաժեշտ միջոցներ կիրառել տնտեսության վրա գնաճի զսպման հետևանքները մեղմելու համար։ Բայց փորձում է պարտադրել ԿԲ-ին, որպեսզի թուլացնի տնտեսության վրա այն բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են գնաճը մեղմելու գործիքների կիրառման հետևանքով։ ԿԲ-ն առայժմ կարծես այնքան էլ հակված չէ գնալ դրան։ Ճիշտ է, երբեմն-երբեմն դրամային ինտերվենցիաներ է անում և շուկայից հանում հավելյալ դոլարը, սակայն ոչ այն ծավալով, որ ազգային արժույթը հիմա էլ հակառակ ուղղությամբ շարժվի։ Նման միջամտությունների արանքում դրամը որոշ չափով թուլանում է, բայց կրկին վերադառնում է նախկին մակարդակին։ Այնպես է ստացվել, որ այս պահին գնաճի դեմ պայքարի առաջնային գործիքը դարձել է դրամի ամրապնդումը։

Իր ելույթներից մեկում ԿԲ նախագահը բառացիորեն նշել է. «ԿԲ մանդատն է ընդհանուր առմամբ տնտեսության համար ապահովել գների կայունություն և կանխատեսելի գների հետագիծ, և մենք օգտագործում ենք փոխարժեքը՝ որպես գործիք»։

Հավելենք, որ նմանօրինակ խոստովանություն ԿԲ նախագահը միշտ չէ, որ անում է։ Գների կայունության ապահովման համար սովորաբար կիրառվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Փոխարժեքը, մինչև վերջերս, ԿԲ-ն չէր համարում գնաճի դեմ պայքարի առանձնահատուկ միջոց, սակայն հիմա, երբ իրավիճակը սրվել է, փոխվել են նաև մտադրությունները։

Ըստ էության, տարադրամի փոխարժեքը լուրջ կարևորություն է ստացել գնաճի դեմ պայքարի գործում՝ հաշվի առնելով, որ թանկացումները շատ դեպքերում արտաքին գործոնների հետևանք են, և այն զսպելու առավել հարմար միջոց կարող է լինել ազգային արժույթի վարքագիծը։ Չնայած միշտ չէ, որ դա ցանկալի արդյունք է տալիս։ Դրամը կարող է ամրապնդվել, բայց համարժեք ազդեցություն չթողնել ներմուծվող ապրանքների գների վրա, որպեսզի այդ ազդեցությունը տեսանելի լինի, նախ կարևոր է, որպեսզի կառավարությունը պատշաճ հետևի շուկայում գների ձևավորմանը և չարաշահումներ թույլ չտա։ Տնտեսական հատվածի մասնակիցները միշտ էլ պատրաստ են օգտվել իրավիճակից՝ հավելյալ եկամուտներ ստանալու համար։

Ի դեպ նկատենք, որ չկա վստահություն, որ դրամի այս վարքագիծը երկար կպահպանվի, ու վաղն այն կրկին չի արժեզրկվի։ Այս հանգամանքը ստիպում է ներմուծողներին զգուշավորություն ցուցաբերել։ Բացի դրանից՝ որպեսզի փոխարժեքներն արդյունավետ լինեն գնաճի զսպման հարցում, կարևոր է ֆինանսական շուկայում կայունության հաստատումն ու լարվածության թուլացումը։

Արմեն Հովասափյան