Բավարիայում Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովի վերջին օրը մասնակից երկրների ղեկավարները պայմանավորվել են լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար հատկացնել սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի դեմ պայքարին, որն, ըստ հայտարարության, առաջացել է Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների հետևանքով։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ համաշխարհային առաջնորդները նաև հորդորել են պարենային մեծ պաշարներ ունեցող երկրներին օգնել լուծել ճգնաժամը և զերծ մնալ սննդամթերքի հետագա գնումներից, որպեսզի չհրահրեն համաշխարհային գների էլ ավելի արագ աճ:
Լրատվամիջոցը նշում է, որ պատերազմը «Եվրոպայի համար հացի զամբյուղ» հանդիսացող Ուկրաինայում և ռուսական զորքերի կողմից ծովային նավահանգիստների շրջափակումը հանգեցրել են հացահատկի և արևածաղկի ձեթի պակասի։ Աֆրիկյան որոշ երկրների արդեն իսկ սպառնում է սովի իրական վտանգ:
G7-ը, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, նաև դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը` կոչ անելով անհապաղ վերացնել սևծովյան նավահանգիստների շրջափակումը, որտեղից արտահանվում է ուկրաինական պարենը:
Ռուսաստանը հերքում է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ համաշխարհային շուկա սննդամթերքի մատակարարման ձախողման մեղավորը արևմտյան հակառուսական պատժամիջոցներն են։









