Վերջին շրջանում քանիցս ականատես ենք լինում Վահան Քերոբյանի այն մտքին, թե «մեր տնտեսական քաղաքականության մեջ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացմանը»։ Իսկ թե իրականում ի՞նչ ասել է՝ «առանձնահատուկ ուշադրություն» կամ ի՞նչ արդյունք է տվել մինչև հիմա, տեսնում ենք պաշտոնապես արձանագրվող ցուցանիշներում։ Դրանք վկայում են, որ արդյունաբերությունը, մեղմ ասած, տխուր վիճակում է, դե իսկ զարգացումների մասին նույնիսկ անիմաստ է խոսել։
Ինչպես հայտնի է՝ արտադրողականությունը տնտեսության այդ առանցքային ճյուղում ինչպես եղել, այնպես էլ մնում է չափազանց ցածր, ներդրումները քիչ են, տեխնիկական վերազինման ուղղությամբ քայլեր գրեթե չեն կատարվում։ Եթե նույնիսկ կատարվում են, ապա դրանից արդյունաբերության արտադրողականությունը գրեթե չի փոխվում։ Այն շարունակում է հետ մնալ մեր նման բազմաթիվ երկրներից, էլ չենք ասում՝ զարգացած երկրներից։ Այսպիսի տեմպերով դժվար է պատկերացնել, թե մինչև երբ կարող է տևել արդյունաբերության վերազինումն ու արտադրողականության բարձրացումը, որպեսզի հնարավոր լինի խոսել զարգացումների մասին։
ՀՀ-ում պետական կարգի տապալումից հետո արդյունաբերության մեջ էական բան չփոխվեց, անգամ եղած աճի տեմպերն ավելի ընկան։ Նշենք, որ մինչև իշխանազավթումը, արդյունաբերությունը սկսել էր լավ թափ հավաքել։ 2017թ. ոլորտում արձանագրվեց արտադրության ծավալների երկնիշ աճ, այն հասավ 12,6 տոկոսի։ Աճի բարձր տեմպը պահպանվեց նաև հաջորդ տարվա սկզբին։ Արդեն 2018-ի մայիս-հունիսից հետո, աճի տեմպը կտրուկ ընկավ։ Տարեվերջին այն կազմեց հազիվ 4,3 տոկոս՝ տարեսկզբի 9,3 տոկոս և նախորդ տարվա 12,6 տոկոս աճերից հետո։ Ինչքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձեն անընդհատ թմբկահարել, փաստն այն է, որ հաջորդ տարիներին ևս արդյունաբերությունը չփայլեց բարձր աճերով։ Թեև 2019թ. ոլորտում 9 տոկոսանոց աճ գրանցվեց, բայց դա ավելի շատ հաշվարկային, քան իրական աճ էր։ Այդ աճի մեծ բաղադրիչը վիճակագրական արձանագրումների հետ էր կապված։ Իսկ մյուս էական գործոնն ընդերքի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացումն էր։
Հավանաբար շատերս ենք հիշում, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը խոստանում կանխել ընդերքի անխնա շահագործումը և խոստանում վերջ տալ այդ գործընթացին, սակայն, ինչպես տեսնում ենք, մի բան էլ մեծացրեց շահագործման տեմպերը։ 2019թ. արդյունաբերության մեջ արձանագրված 9 տոկոս աճի գործում ընդերքի դերը բավական մեծ էր։ Ընդերքի արդյունահանման ավելացման հաշվին՝ այդ ճյուղում աճը հասավ գրեթե 24 տոկոսի։ Շատ ավելի շատ, քան նախկին «թալանչի» ու «ընդերքը քանդող-ծախող» իշխանությունների օրոք։
Հենց հաշվարկային աճերն ու ընդերքի շահագործման ավելացումն էլ 2019թ. դարձավ արդյունաբերության աճի հիմք։ Դրան հաջորդող շրջանում, ինչպես ընդհանրապես տնտեսությունը, այնպես էլ՝ տնտեսության իրական հատվածը հայտնվեց էլ ավելի անմխիթար վիճակում։ 2020թ. արդյունաբերությունն ընդհանրապես աճ չարձանագրեց, ավելին՝ անկումը կազմեց 0,9 տոկոս։ Չփրկեց նույնիսկ ընդերքը. միակ ճյուղը, որտեղ այդ տարի աճ ունեցանք՝ հանքարդյունաբերությունն էր ու հանքերի շահագործումը։
Ի դեպ՝ այս տարի էլ պատկերը նույնն է։ Աճի տեմպը շատ ցածր է, անցած տարվա առաջին 4 ամիսներին արձանագրվել էր՝ 0,9 տոկոս, այս տարի՝ 2,6 տոկոս աճ։ Ապրիլին աճի տեմպը նախորդ տարվա համեմատ կազմեց ընդամենը 1,2 տոկոս։
Ցավով պետք է արձանագրենք, որ տնտեսական հատվածի որոշ մասնակիցներին պատժելու անհագուրդ ցանկությունն ու դրան միտված կառավարության քայլերը բերեցին նրան, որ համաշխարհային շուկայի չափազանց բարձր գների պայմաններում նույնիսկ հանքարդյունաբերությունը չկարողացավ օժանդակել արդյունաբերության աճի տեմպի ավելացմանը․ իրավիճակն այնտեղ անկումային է։ Ի դեպ՝ անկման մեջ են նաև վերամշակող ճյուղի 2 առանցքային արտադրությունները (տվյալ դեպքում խոսքը խմիչքների ու ծխախոտի մասին է, որոնք թողարկում են մշակող արդյունաբերության արտադրանքի 20 տոկոսից ավելին. խմիչքները նվազել են ավելի քան 6 տոկոսով, ծխախոտն ավելի քիչ է կրճատվել, բայց դա տեղի է ունեցել 2021-ի գրեթե 18 տոկոսանոց անկումից հետո)։
Նույն անմխիթար ու կործանված վիճակում է նաև ՀՀ առանցքային ոլորտների՝ գյուղատնտեսության ոլորտը։ Ի դեպ փաստենք, որ իշխանափոխությունից հետո չի եղել տարի, որ գյուղատնտեսությունն աճ ունենա։ Ժամանակին շատերը սա կապում էին նախկինից փոխանցված իներցիայի հետ, սակայն անկումը կանգ չառավ նաև դրանից հետո։ 2019թ. գյուղատնտեսության մեջ արտադրության ծավալները կրճատվեցին 4,2 տոկոսով։ Հաջորդ տարի դեռ ցուցանիշները վերջնական չամփոփած՝ հայտարարվեց ոլորտում 1-1,1 տոկոս աճի մասին։ Սակայն հետո պարզվեց, որ ոչ մի աճ էլ չի եղել։ 2021թ. էլ արտադրության ծավալները կրճատվեցին 1,1 տոկոսով։ Այս տարվա սկզբին ևս միտումը նույնն է. առաջին եռամսյակում գյուղատնտեսության մեջ ունեցանք 3,4 տոկոս անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 1 տոկոսանոց անկման դիմաց։
Ամփոփելով նշենք, որ 4 տարի անընդմեջ արձանագրվող արտադրության ծավալների անկումը տրամաբանական է, որ հանգեցնելու էր առաջարկի կրճատմանն ու գների բարձրացմանը։ Սա կապված է ներքին միջավայրի հետ, ու պետք չէ բարդել արտաքին շուկաների վրա։ Իշխանությունների իրականացրած ագրարային քաղաքականությունն է բերել դրան, հենց այդ քաղաքականության հետևանք է նաև ցանքատարածությունների ու արտադրության ծավալների կրճատումը։ Մեր տնտեսության իրական հատվածում ունենք այսպիսի տխուր պատկեր։
Արմեն Հովասափյան









