Թերևս հանրությունն
այդքան էլ տեղեկացված չի, որ օտարերկրյա ներդրողների կողմից շինարարության ոլորտում
իրականացված ներդրումների առումով այս տարի ունենք խայտառակ վատ պատկեր։ Այդ ոլորտում
օտարերկրացիների կատարած ներդրումներն ամենացածրն են վերջին 6 տարվա կտրվածքով։ Դրանք
էապես զիջում են իշխանազավթումից առաջ եղած ծավալներին։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝
այս տարվա առաջին 4 ամիսներին օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրականացրել են ընդամենը
2,2 մլրդ դրամի շինարարություն։ Սա վերջին տարիների ամենավատ ցուցանիշն է. նախորդ տարվա
համեմատ՝ այն կրճատվել է ավելի քան 65 տոկոսով։ Նշենք, որ 2018թ. ցուցանիշին այդ տվյալը
զիջում է 3,2 միլիարդով։
Ի դեպ՝ այդ նույն
ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրողների կողմից տարեսկզբի 4 ամիսներին Հայաստանում
կատարվել էր 5,4 մլրդ դրամի շինարարություն՝ գրեթե 2,5 անգամ ավելի շատ, քան կատարվել
է այս տարի։
Ըստ էության,
հայտնի չէ, թե ի՞նչն է ստիպել օտարերկրյա ներդրողներին խուսափել ներդրումներ իրականացնել
շինարարության ոլորտում, բայց պարզ է, որ այդպես առանց պատճառի չի լինում։ Հատկապես
որ, ոլորտում այս տարի որոշակի ակտիվություն այնուհանդերձ կա։ Ճիշտ է, իշխանություններն
առաջվա նման բումերից ու երկիրը մեծ շինհրապարակի վերածվելուց չեն խոսում, սակայն նաև
ջանք ու եռանդ չեն խնայում տպավորություն ստեղծելու, որ շինարարության ոլորտը ծաղկում
է։
Ըստ պաշտոնական
տվյալների՝ այս տարվա առաջին 4 ամսում ՀՀ-ում իրականացվել է 81 մլրդ դրամի շինարարություն։
Գումարի գրեթե 40 տոկոսը գնացել է անշարժ գույքի, ենթադրաբար՝ բնակարանային շուկա,
որն ակտիվացավ այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին եկամտային հարկի
վերադարձից աստիճանաբար հրաժարվելու մասին։ Մինչ այդ՝ շատերը շտապում են օգտվել դեռևս
գործող հնարավորությունից։ Մի բան, ինչը նպաստել է անշարժ գույքի ոլորտում շինարարության
ակտիվացմանը։ Դրան զուգահեռ նվազել է ոչ միայն օտարերկրյա ներդրողների, այլև բնակչության
կողմից իրականացվող շինարարությունը. 4 ամսում բնակչությունը կատարել է 19 մլրդ դրամի
շինարարական աշխատանք, ինչը 8,4 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Սա ևս բնակչության
սոցիալական վիճակի կարևոր ցուցանիշներից մեկն է։
Ինչպես հայտնի
է՝ շինարարությունն այն հիմնական ոլորտներից մեկն է, որն արագ արձագանքում է բնակչության
սոցիալական վիճակի վատացմանը։ Երբ նվազում են մարդկանց եկամուտները՝ դա ուղղակիորեն
արտահայտվում է բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալների վրա։ Ի դեպ՝
դրանք ևս կրճատվում են։ Իհարկե, սոցիալական վիճակի վատացումից բացի, կան նաև այլ գործոններ,
որոնք ազդել են դրա վրա։ Խոսքը, մասնավորապես, գնաճի մասին է։ Թանկացել են ոչ միայն
պարենային, այլև ոչ պարենային ապրանքները, այդ թվում՝ նաև շինանյութն ու շինարարական
աշխատանքները։ Տեղին է ընդգծել, որ շինարարության ոլորտում գնաճին, իրականացվող հարկային
քաղաքականությամբ, ուղղակիորեն նպաստում է նաև կառավարությունը. դեռևս 2019թ. պետտուրք
է սահմանվել ներկրվող ցեմենտի վրա, ինչը ներքին շուկայում հանգեցրել է գների արհեստական
բարձրացման։ Բանն այն է, որ անունը դրել են տեղական արտադրողին օժանդակություն ու խփում
են սպառողի գրպանին։ Ըստ էության, սպառողի հաշվին
օժանդակում են տեղական արտադրողին։
Հավելենք, որ
օրերս հերթական անգամ կառավարությունը որոշեց ցեմենտի շուկայի արտոնությունները նույնությամբ
վերանայել և երկարացնել ևս 6 ամսով։ Այսինքն՝ ևս առնվազն 6 ամիս սպառողները ստիպված
կլինեն իրենց գրպանի հաշվին ֆինանսավորել տեղական արտադրողի, այդ թվում՝ հայտնի օլիգարխներից
մեկի բիզնեսը։
Չնայած այն հանգամանքին,
որ այդքան խոսվում է պետական միջոցներով իրականացվող կապիտալ ծախսերի ավելացումների
մասին, բայց պաշտոնական վիճակագրությունը կրկին բյուջեի միջոցներով կատարվող շինարարական
աշխատանքների անկում է գրանցել։ Տարեսկզբի առաջին 4 ամիսներին դրանք կազմել են նախորդ
տարվա 89,7 տոկոսը։ Այլ կերպ, կրճատվել են 10,3 տոկոսով։ Բյուջեի հաշվին իրականացվել
է շուրջ 18,6 մլրդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել
էր 20,3 միլիարդից ավելի շինարարություն։ Այս տարի 1,7 միլիարդով պակաս է եղել։ Մասնավորապես,
չորս ամսում բյուջեի հաշվին կատարված 18,6 մլրդ դրամ շինարարական աշխատանքներից
7,6 միլիարդը վարկային միջոցներով իրականացվող ծրագրերին են վերաբերում։ Դրանք այս
տարի էապես կրճատվել են։
Դժվար է ասել,
թե այսպիսի կտրուկ նվազումն ինչո՞վ է պայմանավորված, քանի որ վիճակագրությունը չի բացում
փակագծերը։ Բայց վաղուց հայտնի փաստ է, որ վարկային միջոցներով նախատեսված ծրագրերը
մշտապես թերակատարվում են։ Կառավարությունն այդպես էլ չի կարողանում ժամանակին ապահովել
դրանց կատարողականը։ Այդ պատճառով էլ վարկային ծրագրերի ժամկետները ժամանակ առ ժամանակ
տեղափոխվում են, ու դրա պատճառով Հայաստանը երբեմն նաև տույժերի տակ է ընկնում։
Արմեն Հովասափյան









