Հավանաբար հայ
հասարակության շատ քիչ հատվածն է տեղյակ, որ հունիսի 20-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում
գտնվող խորհրդարանի շենքից մեկնարկեց «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաք-երթը՝
«Ամոթ է» («Սիրցխվիլիա») քաղաքացիական շարժման նախաձեռնությամբ։ Ըստ տարբեր տեղեկությունների՝
մի քանի ժամ տևած հանրահավաքին մասնակցել է մոտավորապես 100.000 մարդ՝ քաղաքական կուսակցություններ,
քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Հանրահավաքի ժամանակ հնչեցված հիմնական ուղերձներն ու թեզերը հետևյալն էին՝ «մեկնարկում
է նոր ժողովրդական շարժում՝ դեպի Եվրոպա», «ԵՄ անդամակցելուն խոչընդոտում է Բիձինա
Իվանիշվիլին», «պահանջների չիրագործման դեպքում շարժումը նոր թափ կառնի և Վրաստանի
բոլոր շրջաններից կհամախմբվեն, անհնազանդության գործողություններ կկազմակերպվեն»:
Նշենք, որ այս
հանրահավաքի և Վրաստանում հակակառավարական տրամադրությունների բորբոքման հիմք դարձավ
Եվրահանձնաժողովի օրերս կայացրած որոշումը, որով Ուկրաինային և Մոլդովային տրամադրվում
էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, Վրաստանին` դեռ ոչ, նախ բարեփոխումներ,
ապա կարգավիճակ: Ընդգծենք, որ ՌԴ հետ հակամարտող
Ուկրաինան, տասնամյակներով ռուսական ռազմական ներկայության հարևանությամբ գոյատևող
Մոլդովան, 2008-ին ՌԴ հետ պատերազմած Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ էին ներկայացրել
ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։
Հավելենք նաև,
որ հունիսի 17-ին Բրյուսելում ԵՄ գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
հրապարակել էր կառույցի որոշումը, ըստ որի՝ «Եվրահանձնաժողովն առաջարկում է նախ Ուկրաինային
տալ եվրոպական հեռանկար, ապա շնորհել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ, իհարկե ընդունելով,
որ երկիրը կիրականացնի որոշ կարևոր բարեփոխումներ օրենսդրության և կոռուպցիայի դեմ
պայքարի ոլորտներում»։ Նշենք, որ, ըստ էության, Բրյուսելը կողմ է նաև Մոլդովային՝ թեկնածուի
կարգավիճակ շնորհելուն։ Հայտարարության մեջ նշվում է, որ Մոլդովան գնում է բարեփոխումների,
կոռուպցիայի դեմ պայքարի և եվրաինտեգրման ճանապարհով: Ինչ վերաբերում է Վրաստանին,
ապա Եվրահանձնաժողովն առաջարկում է նախ ճանաչել այդ երկրի եվրոպական հեռանկարը, իսկ
նախքան թեկնածուի կարգավիճակ տրամադրելը, ինչպես ընդգծվում է, Թբիլիսին պետք է մի շարք
բարեփոխումներ իրականացնի։ Ավելին, եվրոպացի դիվանագետի խոսքով՝ եվրաինտեգրման տեսանկյունից
նման որոշումն արդեն «հսկայական քայլ է» Վրաստանի համար։ Հատկանշական է այն, որ Բրյուսելը
Թբիլիսիից բարեփոխումներ և «ապաօլիգարխացում» է պահանջում։
Եթե ներկայացնենք
ընդհանուր «ռասկալդով»՝ ԵՄ-ին անդամակցել ցանկացող երեք հետխորհրդային երկրներին էլ
Եվրահանձնաժողովը բարեփոխումների ցանկ է ներկայացրել՝ Ուկրաինային՝ 7 կետից բաղկացած,
Մոլդովային՝ 9, իսկ Վրաստանից պահանջվում է 12 կետից բաղկացած տնային աշխատանք կատարել։
Եվրահանձնաժողովի որոշումները քննարկման կդրվեն հաջորդ շաբաթ դաշինքի անդամ երկրների
ղեկավարների գագաթնաժողովում (առաջարկների հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ
27 երկրների համաձայնությունը)։
Փաստենք, որ հաշվի
առնելով հանգամանքը, որ նույնիսկ թեկնածուի կարգավիճակի շնորհումը չի երաշխավորում
Արևելյան գործընկերության երկրների արագ անդամակցություն, Վրաստանում Եվրահանձնաժողովի
որոշումը, որն ամենայն հավանականությամբ կհաստատվի, մեծ դժգոհությամբ են ընդունել:
Ընդդիմությունը սա որակել է՝ որպես իշխանությունների կողմից արևմտյան բարեփոխումների
տապալում: Ավելին, հանձնաժողովի նման որոշման մասին վրացի շատ գործիչներ կանխատեսեցին
վերջերս Էմանուել Մակրոնի վերջին ելույթներից մեկից հետո, որտեղ նա նշել էր, թե կան
մի քանի կատեգորիայի երկրներ, որոնք ԱլԳ անդամ են, բայց նրանց անվտանգությունը, աշխարհաքաղաքական
իրավիճակը տարբերվում է։ «Անդրկովկասի երեք հանրապետությունները շատ մտերիմ բարեկամ
երկրներ են, բայց թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհագրական
առումով, նրանք այսօր այն վիճակում չեն, ինչ Ուկրաինան և Մոլդովան»,- բառացի ասել էր
Մակրոնը։
Ի դեպ՝ Ուկրաինայից
և Մոլդովայից Վրաստանի առանձին հիշատակումը Վրաստանում շատերի կողմից դիտվում էր որպես
վատ նախանշան: Շատ հետազոտողների համար պարզ չէր, թե ինչու էր Մակրոնն այժմ որոշել
բաժանել երկրները աշխարհագրական և աշխարհաքաղաքական հարևանության գծերով:
Կարևոր է արձանագրել,
որ Վրաստանի ԵՄ անդամակցության թեմայի շուրջ ստեղծված իրավիճակն ունի բազմակողմ և բազմաթիվ
պատճառներ: Նախ, իրողությունն այն է, որ ԵՄ-ն ընդլայնման պատրաստ չէ, և որքան էլ աշխարհը
փոխվում է, աշխարհաքաղաքական դրամատիկ զարգացումներ են տեղի ունենում, ԵՄ-ն քաղաքականությունն
ակտիվացնում է, բայց ընդլայնման հարցն ամենաբարդ հարցերից մեկն է: Անգամ թեկնածու մի
շարք երկրներ երկար տարիներ սպասում են անդամակցության հասնելու համար:
Հետևելով գեոպոլիտիկ
գործընթացներին՝ պարզ է դառնում, որ հետխորհրդային բոլոր երկրները բարեփոխումների
ճանապարհ ունեն անցնելու, բայց այդ ժամանակը և աշխարհաքաղաքականությունն անհամադրելի
են։ Բանն այն է, որ աշխարհաքաղաքականությունը չի սպասում, և ստացվում է, որ այն երկրները,
որոնք ընտրել են այդ վեկտորը, կանգնում են անվտանգային ամենալուրջ մարտահրավերների
առջև:
Արմեն Հովասափյան









